Tuesday, August 16, 2011

Երկխոսությունը կշարունակվի

«Լրագիր» 16-8-2011- Քիչ առաջ ավարտվեց Կոնգրեսի ու կոալիցիայի պատվիրակությունների հերթական հանդիպումը: Կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հերթական հանդիպումը կլինի այս ուրբաթ, օգոստոսի 19-ին:
Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններն այսօր տեւեցին երկու ժամից էլ պակաս: Հայ Ազգային Կոնգրեսի ու Կոալիցիոն պատվիրակության համակարգողներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը միասին մոտեցան լրագրողներին ու համատեղ հայտարարությունը ներկայացրին:
Վերջինիս տեքստը ներկայացրեց Լեւևոն Զուրաբյանը` պարզաբանելով, որ իր ձեռագիրը կարող է ընթերցել միայն ինքը:
- Քննարկվել է օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաեւ պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց,- կարդաց Զուրաբյանը:
Այնուհետեւ ասաց, որ պայմանավորվել են որեւէ հարցի չպատասխանել ու հեռացան: Որեւէ հարցի չպատասխանեցին նաեւ պատվիրակությունների մյուս անդամները:
Դավիթ Հարությունյանից միայն ճշտեցինք, որ այսօրվա հանդիպման ժամանակ իրենք չեն ներկայացրել երեկ պատրաստած փաստաթուղթը` արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Կոնգրեսի հիմնավորումների դեմ իշխանությունների առարկությունների մասին: Ենթադրվում է, որ այսօրվա հանդիպման ժամանակ օրակարգային կետերի վերաբերյալ բովանդակային որեւէ քննարկում չի եղել, եւ միակ թեման երեք նոր քաղբանտարկյալների հարցն է եղել:

No comments: