Tuesday, August 16, 2011

Թուրքիայում բանտարկյալների թիվը 2006–2010 թթ. ընկած ժամանակահատվածում կրկնապատկվել է

Tert.am. 16-8-2011- Բանտերի ուսումնասիրման միջազգային կենտրոնի (International Centre for Prison Studies) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2006- 2010 թթ. ընկած ժամանանակահատվածում Թուրքիայում բանտարկյալների թիվը կրկնապատկվել է (2011թ. տվյալներով հասել է 124074–ի)։
Ինչպես տեղեկանում ենք SETimes.com կայքից, հրապարակված տվյալներն առաջացրել են թուրքական, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգությունը։
«Մեր երկրում իրավական համակարգը մի այնպիսի ուժեղ մեթոդ է հնարել, որը թույլ է տալիս պատժել յուրաքանչյուր կասկածյալի, երբեմն նույնիսկ երեխաներն են բանտում հայտնվում»,– հայտարարել է ստամբուլյան Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Օզթուրք Թուրքդողանը և հավելել, որ թուրք դատավորները գրեթե յուրաքանչյուր կասկածյալի տարիներով ճաղերի հետևում են պահում՝ մինչև հետաքննության ավարտը։
Թուրքդողանը ընդգծել է, որ բանտարկյալների 47 տոկոսը բանտերում առանց դատարանի որոշման են պահվում, մոտ 7000 բանտարկյալ էլ ճաղերի հետևում հայտնվել է քաղաքական դրդապատճառներով։
«Թուրքիայում շարունակում է գործել խոսքի ազատության վերաբերյալ ավտորիտար օրենքը, ահաբեկչության դեմ պայքարի օրենքը, որոնց «շնորհիվ» շատերը և հիմնականում քրդերը ճաղերի հետևում են հայտնվում»,– ասում է դանիացի լրագրող Մարկ Գիլեթը և հավելում, որ բազմաթիվ մարդիկ ձերբակալվում են՝ կառավարության դեմ դավ նյութելու կասկածանքով։ Գիլեթը նշում է, որ բանտարկյալների թվի աճի համար այլ պատճառներ էլ կան։ «Պատվի համար սպանությունների մասին օրենքն արդիականացվել է, և միայն սպանողը չէ, որ օրենքի առջև պատասխան է տալիս, նրա ընտանիքի բոլոր անդամները, որոնք դրդել էին նրան, ավելի դաժան պատիժ են ստանում»,–նշում է Գիլեթը։
Մեկ այլ թուրք իրավապաշտպան էլ իր անհանգստությունն է հայտնում առ այն, որ դատավարությունները հաճախ այնքան երկար են ձգվում, որ մեղադրյալները մահանում են հենց բանտում։
Իսկ հետաքննող լրագրող Մուստաֆա Սոնմեզը կարծում է, որ վերոնշյալկ խնդրի հետևում «կանգնած են» նաև՝ ոչ արդար դատարանները, գործազրկությունը, սոցիալական խնդիրները, ինչու չէ նաև հանցավոր գործունեության խրախուսումը։
Ի դեպ, նույն զեկույցի համաձայն՝ Հայաստանում բանտարկյալների թիվը 40807–է։

No comments: