Tuesday, August 16, 2011

Ա. Կազանցև. ԼՂ հարցում Հայաստանին որևէ բան չեն կարող պարտադրել

Panorama.am. 16-8-2011- Այն, որ բանակցային պրոցեսն ու կողմերի հանդիպումներում քննարկվող հարցերը գաղտնիության քողով են պարուրված, բնական է: Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ ցանկացած տեսակի ինֆորմացիոն արտահոսք ցույց է տալիս, որ արտահոսք թույլ տված կողմը չի ցանկանում պայմանավորվածության գալ:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին «Դեյ.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Կազանցևը:
Վերջինս նշել է, թե Կազանում կողմերը մոտ են եղել պայմանավորվածության հասնելուն, սակայն այդպես էլ նրանց չի հաջողվել համաձայնության գալ:
Ըստ փորձագետի ունեցած տեղեկությունների, անհամաձայնության հիմնաքարը մնում է Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հարցը:
Նրա խոսքերով, Բաքվում կարծում են, թե կարող են հասնել նրան, որ Մոսկվան ճնշումներ գործադրի Երևանի վրա և պարտադրի ընդունել Բաքվի կողմից առաջադրվող պահանջները, սակայն պետք է ի վերջո հասկանալ, որ ոչ-ոք, այդ թվում՝ Ռուսաստանը չի կարող պարտադրել Հայաստանին, ընդունելու Բաքվի պահանջները:
Ըստ բանախոսի, բանն այն է, որ Ռուսաստանից բացի կան նաև այլ երկրներ, որոնք ևս կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինչը բնականաբար ձեռնտու չէ Ռուսաստանին:
Անդրադառնալով պատերազմի հավանականությանը` Կազանցևը նշել է, որ տարածաշրջանում հնարավոր լայնամասշտաբ գործողությունները աղետալի հետևանքներ կունենան ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ ողջ Կովկասի վրա, ինչից էլ վախենում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Եվրոպան ու ԱՄՆ-ն:

No comments: