Wednesday, August 17, 2011

ԱՄՆ դե՞մ է Թուրքիայի միջամտությանը

«Լրագիր» 17-8-2011- Երեկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը` Վիկտորիա Նոլանդը ճեպազրույց է անցկացրել Սիրիայի նախագահին ուղղված Թուրքիայի արտգործնախարարի վերջնագրի վերաբերյալ: Լրագրողները ցանկացել են իմանալ այս վերջնագրից պետքարտուղարության ակնկալիքների մասին:
Նա ասել է , որ մի շաբաթ առաջ սպասվում էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն կմեկնի Սիրիա եւ Ասադին կհանձնի խիստ պահանջների ցուցակ, իսկ Ասադը կլսի իր հարեւանին, որը նշանակալից ազդեցություն ունի իր վրա, մինչդեռ արյունահեղությունը սաստկացավ: Ուստի մեզ համար զարմանալի չէ, որ Թուրքիայի համբերության բաժակը լցվում է, եւ ես կարծում եմ, որ այն լիովին համապատասխանում է այս պահին ունեցած մեր դիրքորոշմանը, ասել է Նոլանդը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, արդյոք ԱՄՆ տեղյակ է այս վերջնագրից, եւ արդյոք այն քննարկվել է պետքարտուղարի եւ Թուրքիայի արտգործնախարարի միջեւ:
Մամուլում հրապարակումներ են եղել ժամկետների մասին պայմանավորվածությունների վերաբերյալ: Կարեւորն այն է, որ այստեղ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների նպատակները նույնն են, բռնությունը պետք է դադարի, զինուժը պետք է վերադառնա զորանոց, եւ պետք է ճանապարհ բացվի դեպի իրական ժողովրդավարություն անցում կատարելու համար: Իսկ ԱՄՆ ինքնուրույն որոշումներ կկայացնի հետագա քաղաքական եւ տնտեսական քայլերի վերաբերյալ:
Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ դեմ չի լինի Թուրքիայի կողմից ռազմական միջամտությանը, ինչին ի պատասխան Նոլանդը հրաժարվել է հիպոթետիկ իրավիճակ քննարկելուց:

No comments: