Wednesday, August 17, 2011

Սաակաշվիլիին հայ անվանած հայտնի ռեժիսորին հեռացրել են աշխատանքից

Tert.am.17-8-2011- Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան զրկվել է աշխատանքից երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քննադատելու համար։ Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ Ստուրուան հեռացվել է Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, սակայն հրաժարվել են հայտնել հեռացման պատճառները։
Իր հեռացման մասին առաջինը պատմել է Ստուրուան ֆեյսբուքյան իր էջում։ Հաղորդագրությունը բաղկացած է մեկ բառից. «Հեռացրել են»։ Այնուհետև ռեժիսորը հրապարակել է նախարար Նիկոլոզ Ռուռուայի համապաստախան հրամանը վրացերեն։ Փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 9-ին և ուժի մեջ է մտել օգոստոսի 15-ից։ Դրանում հեռացման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։
«Ես չեմ թաքցրել իմ քննդատական տրամադրությունները Վրաստանի գործող իշխանությունների նկատմամբ, որոնք տանել չեն կարողանում իմ քննադատությունը»,- այսպես է Ստուրուան մեկնաբանել իր հեռացման պատճառը։
Հուլիսին վրացական Все новости ամսագրին տված հարցազրույցում Ստուրուան, մասնավորապես, ասել էր. «Վրաց ժողովուրդը պետք է հրաժարվի այս ղեկավարությունից, ինչպես գերմանացիները հրաժարվեցին Հիտլերից։ Վրացիները պետք է ապաշխարեն։ Ղեկավարությունն իր վրա պետք է վերցնի եկեղեցին, միայն այդ ժամանակ երկիրը կփրկվի։ Եթե աստվածացանում ես սատանային, անպայման քեզ ինչ-որ վատ բան է սպասվում»։
Մինչ այդ Ստուրուան մեղադրել էր Սաակաշվիլիին վրաց ժողովրդի նկատմամբ ատելության մեջ. «Նա հայ է, ի՞նչ արած»,- ասել է8 ռեժիսորը Грузинформ գործակալությանը տված հարցազրույցում։ Ռեժիսորի այս հայտարարությունը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել Հայաստանում և Վրաստանում, նրան մեղադրում էին ռասիզմի և քսենոֆոբիայի մեջ։
Ռոբերտ Ստուրուան ծնվել է Թբիլիսիում 1938թ.։ Նա հայտնի է Շեքսպիրի, Բրեխտի և Չեխովի բեմադրություններով, իսկ 1982թ. նրան տրվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։

No comments: