Saturday, August 6, 2011

Թուրքիայում հերթական անգամ բարձրացվել է հայաստանցիների արտաքսման հարցը

Tert.am. 5-8-2011- Իգդիրում գործող այսպես կոչված «Հայկական պնդումների դեմ պայքարի միությունը» (ASİM-DER) պահանջում է Թուրքիայից արտաքսել ապօրինի բնակվող հայաստանցիներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը։
ASİM-DER–ի մամուլի քարտուղար Էրգան Հաջըքասըմօղլուն տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը նամակ է ուղարկել Թուրքիայի Ներքին գործերի նախարարություն, որում նշել է ապօրինի բնակվող հայերին Թուրքիայից արտաքսելու անհրաժեշտության մասին։
«Թուրքիայում ապօրինի ապրող հայերն ազատորեն շրջում են մեր երկրում, իսկ հայ զբոսաշրջիկները՝ առանց թույլտվության զբոսնում իրենց նախընտրած վայրերում։ Սակայն մենք՝ որպես հասարակական կազմակերպություն, մտահոգություն ենք հայտնում այն բանի առնչությամբ, որ այդ հայերը մեր երկրից հեռանալուց հետո այլ վայրերում թուրքական պետության և ազգի դեմ սկսում են զբաղվել հակաքարոզչությամբ»,– ասել է Հաջըքասըմօղլուն՝ ավելացնելով. Մենք շատ լավ գիտենք, որ տարիներ առաջ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո Ստամբուլի փողոցներում «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսը հնչեցնողների մեջ կային նաև Թուրքիայում ապօրինի բնակվող հայեր։ Մեր երկրում բնակվող մեծահարուստ հայ գործարարների պաշտպանության տակ գտնվող ապօրինի բնակվող հայերը, որոնց թիվն օրեցօր աճում է, պետք է անհապաղ արտաքսվեն Թուրքիայից։ Մեզ՝ Թուրքիայի քաղաքացիներիս, մտահոգում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ամեն պատեհ առիթով արվող հակաթուրքական հայտարարությունները, ինչպես նաև Թուքրիայում անօինական բնակվող հայերի թվաքանակի աճը»։
Նշենք, որ Թուրքիայում առաջին անգամը չէ, որ սպառնում են արտաքսել անօրինական բնակվող հայերին։ Անցած տարի BBC-ի թուրքական ծառայության հետ հարցազրույցում նման սպառնալիք էր հնչեցրել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իմ երկրում 170 հազար հայ կա, որոնցից 70 հազարն իմ քաղաքացիներն են: Սակայն մյուս 100 հազարի վրա մենք աչք ենք փակում: Իսկ վաղն էլ, եթե հարկ լինի` այդ 100 հազարին էլ կասեմ` գնացեք ձեր երկիր: Ինչո՞ւ, որովհետև նրանք իմ քաղաքացիները չեն, ես էլ պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում»,- հայտարարել էր Էրդողանը:

No comments: