Monday, August 22, 2011

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նամակ է գրել Հիլարի Քլինթոնին

Tert.am. 22-8-2011- Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ պատասխանելով քրիստոնեական եկեղեցիների առնչությամբ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հիմնավորմանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր այն հարցին, թե «մինչև 1915թ. ներկայիս Թուրքիայի տարածքում գործած 2000–ից ավելի քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր գործում որպես եկեղեցիներ» դեսպանը պատասխանել էր. «Քրիստոնեկան եկեղեցիների մեծ մասը, որոնք գործում էին մինչև 1915թ., այսօր շարունակում են գործել որպես եկեղեցիներ։ Որոշ եկեղեցիներ որպես թանգարաններ են գործում, մնացածը խարխլվել են կամ մզկիթների վերածվել՝ չօգտագործվելու պատճառով»,–ասել էր դեսպանը։
«Կցանկանայի հիշեցնել, որ մենք միշտ օժանդակել ենք Թուրքիայի և Հայաստանի միջև առավել նորմալ հարաբերությունների աջակցմանն ուղղված ԱՄՆ կառավարության ջանքերին։ Այդ ջանքերը հաշվի առնելով՝ դժվար է հասկանալ Թուրքիայում հայկական պատմական եկեղեցիների և այլ քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի առնչությամբ դեսպան Ռիկարդոնեի հիմնավորումները։ Հարյուրավոր եկեղեցիների հիմնահատակ կործանումը, դրանց անուշադրության մատնելը, ոչնչացումը, ինչպես նաև մեր սրբավայրերից շատերը մզկիթների վերածելը հայերի համար ահռելի ցավ է, հիշեցում՝ 1915թ. Ցեղասպանության հետևանքով եղած մարդկային զոհերի և ոչնչացումների մասին»,– Քլինթոնին ուղղված իր նամակում գրում է Պարսամյանը և հավելում, որ իր հայտարարությամբ դեսպանը խորապես վիրավորել է ամերիկահայերին՝ «բացելով զգայուն վերքերը»։
Պարսամյանն այնուհետ գրում է, որ դեսպանը, ամենայն հավանականությամբ, պարզապես անտեղյակ է որոշ փաստերին, «սակայն երկրի պատմության, դրա մութ և վառ էջերի վարպետորեն իմացությունը կարևոր է՝ այս կարևոր և բարդ տարածաշրջանում ԱՄՆ շահերին արդյունավետորեն և դիվանագետորեն ծառայելու համար»,– ընդգծում է Պարսամյանը։
Նամակի վերջում Պարսամյանը նշում է, որ նամակ գրելու նպատակը տարածաշրջանում ԱՄՆ–ի ջանքերին աջակցելն է։


No comments: