News.am. 17-8-2011- Սեպտեմբերի 7-ին իշխանությունների դեմ ուղղված բողոքի ակցիաների վերսկսման որոշում ընդունվել է օգոստոսի 17-ին հրավիրված Ադրբեջանի «Հասարակական պալատի» նիստում, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» լրատվականը` նշելով, որ նիստում քննարկվել է «Բռնապետությունից դեմոկրատիային անցում կատարելու ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթուղթը:Նիստին մասնակցել են Ադրբեջանի բոլոր քաղաքական կազմակերպությունները, հեղինակավոր հասարակական կառույցների ներկայացուցիչները, հաղորդում է «Մուսավաթ»-ը` վկայակոչելով «Հասարակական պալատի» կոորդինացիոն խորհրդի անդամ Վիդադի Միրկամալի հաղորդած տեղեկությունները:
Վերջինս հայտնել է, որ «Հասարակական պալատը» մտադիր չէ միայնակ հաստատել «ճանապարհային քարտեզը»` որպես հետագա գործողության ծրագիր, քանզի նիստին հրավիրված բոլոր կուսասկցությունների ներկայացուցիչները, այդ թվում իշխող Յենի Ազերբայջան կուսակցության անդամները կարող են հանդես գալ իրենց առաջարկներով: Ընդ որում, աղբյուրը հայտնում է, որ Յենի Ազերբայջան կուսակցության գործադիր քարտուղարը եւս պաշտոնական հրավեր էր ստացել` նիստին մասնակցելու համար:
«Մարտին եւ ապրիլին անցկացված ակցիաները իշխանությունները բռնությամբ ցրեցին, ձերբակալեցին քաղաքական ակտիվիստներին եւ այլ բռնաճնշումներ կիրառեցին նրանց դեմ, որից հետո մասսայական ակցիաները դադարեցվեցին, սակայն դա ժամանակավոր բնույթ էր կրում: Այդ իսկ պատճառով աշնան սկզբներից Ադրբեջանում կրկին քաղաքական ակտիվություն կնկատվի, եւ մասսայական ակցիաները կվերսկսվեն, դրա հետ մեկտեղ նախատեսվում է Արեւմուտքին կոչ անել ուժեղացնել ճնշումներ իշխանությունների վրա: Այսպիսով, բացառված չէ, որ Ադրբեջանում աշնանը լարված եւ հետաքրքիր քաղաքական գործընթացներ կսկսվեն»,-եզրափակում է «Մուսավաթ»-ը:
Նշենք, որ Ադրբեջանի «Հասարակական պալատը» ստեղծվել է Ադրբեջանի ազդեցիկ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, 2010 թ. նոյեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո, որը, միջազգային կառույցների գնահատմամբ, չէր համապատասխանել ընդունված չափանիշներին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment