Wednesday, August 17, 2011

Ղարաբաղը՝ «ուրվական-պետությունների» շարքում. The New York Times

Tert.am. 17-8-2011- Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կողմից անկախության հռչակման երրորդ տարեդարձի կապակցությամբ The New York Times-ը գրել է Երկրի վրա «ուրվական-պետությունների» գոյության վտանգի մասին:
Այդպիսի պետություններն ունեն սեփական բանակ, անցկացնում են ընտրություններ, զարգացնում են իրենց տնտեսությունները և երեխաներ են դաստիարակում, սակայն գտնվում են փաստացի գոյության և իրենց օրինակարգության միջազգային ընդունման միջև:
Աշխարհում գոյություն ունի 12 այդպիսի չճանաչված միավոր, որտեղ ընդհանուր առմամբ բնակվում է 40 միլիոն մարդ: Նախկին Սովետական Միության տարածքում դրանք են՝ Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը, Եվրոպայում՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Մերձավոր Արևելքում՝ Պաղեստինը, Աֆրիկայում՝ Սոմալիլենդը և այլն:
«Ուրվականների» մեծ մասը գոյատևում է արտաքին աջակցության շնորհիվ: Այսպես, պաշտոնական Մոսկվան Հարավային Օսեթիայի և Աբխազիայի «գորշ կարդինալն» է, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղինը, գրում է պարբերականը:
Նմանատիպ պետությունների իշխանությունները որպես կանոն կոռումպացված են, դրանք ղեկավարվում են ռազմական հրամանատարների կողմից, ովքեր զբաղվում են նարկոբիզնեսով կամ այլ ապօրինի գործունեությամբ: Դրանք ի հայտ են գալիս «պատերազմի արդյունքում և գոյատևում են հակամարտության շարունակման վտանգի հաշվին»: Դրանք «պատերազմներ են ստեղծում, նպաստում են հանցավորության տարածմանն ու թուլացնում են առանց այդ էլ թույլ պետությունները»:
Հոդվածի հեղինակները առաջարկում են օգնել օրինակարգություն ձեռք բերել նմանատիպ այն միավորներին, որոնց կառավարությունները «իրենց լավ են դրսևորում»: Որպես օրինակ է մատնանշվում Թայվանը, որի անկախությանը դեմ է արտահայտվում Չինաստանը:
Երբ ԱՄՆ-ը և այլ պետությունները, պնդելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, բացառում են «ուրվական-պետությունների»՝ համաշխարհային քաղաքականությունում պատասխանատու սուբյեկտ դառնալու հնարավորությունը և պիտակավորում են՝ որպես սեպարատիզմի և կոնտրաբանդայի հենարաններ, միջազգային հանրությունը զրկվում է դրանց առաջնորդներին պատասխանատվության կանչելու միջոցներից:
Դրան զուգահեռ՝ հոդվածի հեղինակները նշում են, որ ճիշտ չէ կոնտրոնանալ միայն այդ միավորների՝ պետություն դառնալու ձգտման վրա. երբ «ուրվականն» անգամ դառնում է իրական պետություն, խնդիրները կարող են պահպանվել: Էրիթրեայի օրինակից խուսափելու համար միջազգային հանրությունը պետք է քաջալերի բարեփոխումները դրանցում:
Հակառակ դեպքում Երկրի միլիոնավոր բնակիչներ կշարունակեն մնալ քաղաքական ու իրավական անորոշության մեջ, իսկ դրանց հարևանները կլինեն պատերազմի մշտական վտանգի ներքո:

No comments: