Monday, August 8, 2011

«Հասիր բարձունքին». Հայաստանում խոստանում են Մանկական Եվրատեսիլն անցկացնել բարձր մակարդակով

Panorama.am. 8-8-2011- Դեկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի կազմակերպման աշխատանքները շարունակվում են` մրցույթը բարձր մակարդակով անցկացնելու համար: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Ամեն ինչ շատ լավ է ընթանում, և մրցույթը կայանալու է բարձր մակարդակով, այսինքն` այն կանցկացվի եվրոպական չափանիշներին համապատասխան, պրոֆեսիոնալ անձնակազմով ու հետաքրքիր գաղափարներով», -վստահեցրեց Գասպարյանը:
Մինչ այժմ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 երկիր. Բելառուսը, Բելգիան, Վրաստանը, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Հայաստանը, Նիդերլանդները և Շվեդիան: Թուրքիան և Ադրբեջանը դեռևս մասնակցության հայտ չեն ներկայացրել, և այդ երկրների մասնակցությունը Գոհար Գասպարյանը հնարավոր համարում է: «Ամեն ինչ էլ հնարավոր է: Մեր դռները բաց են բոլորի առաջ: Մենք հյուրընկալ ազգ ենք, մեզ համար նշանակություն չունի` ով է: Մենք կապահովենք նրանց բոլորի անվտանգությունը և ուրախ տրամադրությունը», -հավելեց մեր զրուցակիցը:
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավարի խոսքով, դեռևս ժամանակ կա, և հնարավոր է, որ առաջիկայում մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնողների թիվն ավելանա: Ըստ մրցույթի կանոնադրության, դրանց առավելագույն թիվը 18-ն է: Պաշտոնական պատվիրակությունների մակարդակով, Գոհար Գասպարյանի խոսքով, սպասվում է, որ Հայաստան կայցելի 500 հյուր: Իսկ ինչ վերաբերում է մասնակիցների երկրպագուներին և ընդհանրապես, մրցույթով հետաքրքրվողներին, ապա դրանց թիվը կարող է հասնել 5000-ի:
Արդեն իսկ ընտրվել է այս տարի Մանկական Եվրատեսիլի տարբերանշանն ու նշանաբանը: Տարբերանշանի վրա պատկերված է երաժշտական էքվալայզեր ՀՀ դրոշի գույներով, իսկ նշանաբանն է` «Հասիր բարձունքին»: Մրցույթը կայանալու է Երևանի Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս տարի Հայաստանի մասնակցի ընտրությունը դեռ չի կայացել:
Մասնակցին կընտրի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռուստադիտողների հետ միասին: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև օգոստոսի 20-ը, որից մեկ ամիս անց տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի Ազգային ընտրությունը:
Նախորդ տարի Մինսկում Վլադիմիր Արզումանյանն էր հաղթել մրցույթը` հավաքելով 120 միավոր «Մամա» երգով:


No comments: