Monday, August 1, 2011

Հեղափոխությու՞ն , թե՞ Գանդու ճախարակը

Ո՞րն է այլընտրանքը...
Այստեղ հազիվ թե ճաշակի ու ընտրության հարց լինի, հարցը անտարակույս պարտադիր պահանջի, ժամանակի անհրաժեշտության, գաղափարախոսության թելադրանքի, դասակարգային պայքարի ու անտագոնիզմի հարց է:Եղել են ժամանակներ, երբ Մհաթմա Գանդու ճախարակը հակաքոլոնիալիզմի դեմ պայքարի ընթացքին ծանր հրետանու դեր է կատարել, իսկ մի այլ ժամանակ սոցիալական հեղափոխությունները լեռնային վարար գետի նման սրբել տարել են գանդիների փասիֆիստական գաղափարախոսությունն ու նրանց համբերության ճախարակները ... Այդ մասին գիտենք մարդկության հասարակության դինամիկ զարգացումից: Որ աշխարհում մեծածավալ դրական տեղաշարժումներ են տեղի ունեցել հեղափոխություններ շնորհիվ, դա նույնպես անվիճելի իրողություն է:
Այսօրվա փոխկապակցված աշխարհում բոլոր ժողովուրդներն իրենց բազմաբնույթ հարցերն ունեն լուծելու, հայ ժողովուրդն էլ ունի իր հրատապ օրվա խնդիրները, որոնց մասին բոլորից լավ մենք՝ հայերս գիտենք: Հայաստանի հանրապետության իշխանությունները քաջածանոթ են հարցերին (պրոբլեմներին), ավելի ճիշտ, հենց իրենք են պրոբլեմների սկզբնաղբյուրը, (գեներատորները), սակայն իրենց սեփական, խմբակային ու դասակարգային շահերը պաշտպանելու նպատակով, հետևողականորեն ծածկում են խնդիրները սուտ ու նպատակադրված քարոզչության թանձր ծխածածկույթի տակ ...

Աշխատավորները, ծառայողները , գյուղացիները, գիտնականներն ու ուսուցիչներն... ապրում են համակարգի կողմից ստեղծաց պրոբլեմների մեջ ու թեև բողոքում են, սակայն նրաց ձայնը լսելի չէ մի շարք կարևոր հանգամանքների պատճառով, որոնցից ամենաառաջնայինը նրանց արհեստակցական շահերը պաշտպանող արհմիութենական կազմակերպությունների ու գաղափարախոսական պլատֆորմ ունեցող կուսակցությունների բացակայությունն է...

Մենք՝ Հայաստանի հանրապետությունից դուրս ապրող հայերս, սփյուռքից, հեռվից, Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին մեր ուրույն մոտեցումն ունենք... Անտարբեր չենք: Գրում ենք, բողոքում ենք, օգնում ենք, պահանջում ենք, սակայն մեզ էլ լսող չկա, քանզի սփյուռքի առաջադեմ ու հայրենասեր հատվածը կանգնած է Հայաստանի աշխատավոր ու ճնշված դասակարգի իրավունքների պաշպանության դիրքերում ու նրանց բողոքները ուղղված են հայրենաբնակ ժողովրդին կեղեքող ու շահագործող դասակարգի դեմ: Այլ խոսքով, սփյուռքի հայրենասեր ու պահանջող մասը այնքան անցանկալի է Հայաստանի իշխանությունների ու մենաշնորհ սիստեմի համար , ինչքան անցանկալի են Հայաստանում ապրող ու իրենց իրավունքների համար պայքարող զանգվածը:

Ավելի անհեթեթ (պարադոքս) հակասություն, քան այն իրողությունը, որ «սփյուռքի նախարարությանը» Հայաստանի կառավարությունն է ֆինանսավորում, չի կարող լինել: Ասում են, ով վճարում է, նա էլ երգն է պատվիրում... Հայաստանի իշխանությունները սփյուռքից ուղարկված՝ ոչ մեր բաց նամակներին, ոչ էլ փակ նամակներին են պատասխանում, հավանաբար մտածելով, եթե սփյուռքահայը կապիտալ չունի, ուստի ասելիք ու անելիք էլ չունի... Ինչպես գիտենք սփյուռքի կողմից կատարված աշխատանքի արդյունքներն էլ մեծ չեն: Ճշմարիտ է ժողովրդական իմաստուն ասացվածքը՝ աղբյուրը ինքը պետք է ջուր ունենա... իսկ այստեղ խոսքը մի երկրի ու պետականության մասին է: «Վերին պալատի ստեղծում » ու «երիտասարդ առաջնորդներ» դաստիարակելու մտահաղացումները իրականության հետ կապ չունեցող ֆանտազիաներ են: Ազնիվ սփյուռքահայը, հայրենիքում շահ ու պաշտոն չի փնտրում, նրանց ցանկությունը հայրենաբնակ հայության անվտանգ ու բարեկեցիկ կյանքն է...

Ճիշտ է մտցնել Սփյուռք1 (Ս1) և Սփյուռք2 (Ս2 ) հասկացողությունը , անշուշտ ոչ բաժանելու, այլ հստակեցում մտցնելու միտումով: Ս1 –ը պայմանականորեն , հայոց դեմ գործադրված ցեղասպանության արդյունքում ստեղծված սփյուռքն է, իսկ Ս2– ը անկախությունից հետո գոյացած սփյուռքը: Ս1 և Ս2 միջև բազմապիսի տարբերություններ կան, թե՛ իրավունքների և թե՛ պարտականությունների առումով (այս մասին դեռ խոսելու առիթ կունենանք):

Բուն հարցից չհեռանանք: Այսօր Հայաստանում ապրող հայության առջև հրատապ ու պատասխանատու խնդիր է դրված իր կենսական հարցերի լուծման ուղղությամբ: Հարցերի լուծումները գործողությունների եղանակ են պահանջում: Հեղափոխությու՞ն, թե՞ «Գանդու ճախարակը»: Հասկանալի է, ընտրությունը Հայաստանի հանրապետությունում ապրող ժողովրդինն է, արտաքին ցանկացած միջամտություն անթույլատրելի է: Համերաշխությունը այլ հասկացողություն է...

Գանդու ճախարակը Հայաստանի քաղաքական կյանքում ակտուալ դարձավ այն ժամանակ , երբ Հայաստանի քաղաքական գործիչները չունենալով հստակ աշխատանքային, գաղափարական պլատֆորմ, քաղաքատնտեսության տեսական գիտելիքներ, անգործության մատնվեցին: Ինչպես իրերը ցույց տվեցին , հակասոցիալիզմն ու անթիսովետիզմը բավարար չեղավ նոր պետականություն կառուցելու համար: Հիշեցին Գանդու ճախարակը և մեր ժողովրդական մանիր , մանիր իմ ճախարակ երգը, որը հանգավորվում է «պայքար, պայքար մինչև վերջ» անկապ կոչի հետ: Հասկանալի է, խոսքը առաջին նախագահ՝ Լևոն Տեր- Պետրոսյանի ՀՀՇ- ական ռամկավար- ազատական, ազատ շուկայական ու լիբերալ տնտեսական դոկտրինայի մասին է: Տեսական այս հիմունքները օգտագործելով ներկա իշխանությունները, «թաթար մոնղոլական, թալանչիական ու օլիգարխիկ» իրենց պրակտիկայի մեջ, Հայաստանի տնտեսությունն ու Հայաստանի ժողովրդին այնտեղ հասցրին , որին այսօր ականատեսն ենք բոլորս...

Լևոն Տեր- Պետրոսյանը ՀԱԿ-ի գլուխն անցած, հմտորեն զանգվածներին «ընդդիմության » քարոզչության դիրքերից շարունակում է զբաղված պահել: Առաջին նախագաը, տարիներ հետո իշխանություններին վախեցնում է՝ եթե «այսպես, այնպես չանեք», ջրբաժան կլինի: Արդյոք այս չի՞ նշանակում, որ ՀԱԿ-ի ու «թաթար մոնղոլական» իշխանությունների ջուրը տարիներ շարունակ, մինչև հիմա համերաշխ ու փոխհասկացողությամբ մեկ առվով է հոսել...

Գործող նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ապարատը «Հայաստանի Հանրապետություն կուսակցությունն » (ՀՀԿ)- ն է, որը նույնպես չունի հստակ տնտեսական պլատֆորմ, իսկ գաղափարախոսությունը խարսխված է Գարեգին Նժդեհի «ցեղակրոն», շինծու, այլ խոսքով ռասիստական ու նեո -նացիստական տեսության վրա: «(ՀՀ) կուսակցության շուրջ համախմբված են բոլոր կարգի մեծ ու փոքր կալիբրի օլիգարխները: Այս լուսավոր ժամանակներում այսպիսի խառնաշփոթ կառույց ունեցող կուսակցությունը երկիրը հեռու տանել չի կարող, թեկուզ օրնիբուն գոռաս՝ «առաջ Հայաստան»...Արդեն իսկ առաջ գնալու տեղ չկա, երկիրն անդունդի եզրին է:..

Մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի խոսքերը իրողություն են նաև մեր օրերում.

«... ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ ՈՒՏԵՆ- ԽՄԵՆ
ԱՇԽԱՐՀԻ ՃՈԽ ՍԵՂԱՆԻՑ.
ՄԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՐԹ ՏՂԵՐՔՆ ԵՆՔ,
ՄԵԶ ՓԱՅ ՉԿԱ ԱՇԽԱՐՀԻՑ:»

http://www.youtube.com/watch?v=rhVnlSHvF6Q&feature=related
http://www.youtube.com/watch?v=c7wy4zYcMUY&feature=related

Այս ուտող- խմող տղաներից մեկը , առաջին ու երրորդ նախագահներին իրար կապող օղակ երկրորդ նախագահն է, որին աշխարհահռչակ խմբավար Օհան Դուրյանը այսպես բնութագրեց 2008թ. մարտի 1-ին.- «Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գտնվելու հանգամանքն արդեն իսկ արտակարգ դրություն է, նոր արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա»: Այսօր բոլորի համար լավ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը քոչի Հայաստանից ու ժողովրդից թալանածի հետ գնա Թանզանիայի անտառներ , գուցե այնտեղ գտնի հոգու հավասարակշռություն...

Ստորև բերված վիդեո քլիփները, որոնք անկախ Հայաստանի ծանոթ վիճակի նմուշներ են, խոսում են երկրի խորթ երեխաների մասին , որոնք «փայ չունեն » այս Հայրենիքից:

http://www.youtube.com/watch?v=bP47yy4eDfI&feature=player_embedded

Երկրի անվտանգությանը սպառնող չափերի հասած արտագաղթը, գործազրկությունը, արտաքին պարտքերի շարունակական աճը , թանկությունը և ամենասարսափելին ժողովրդի հավատի կորուստը ապագայի նկատմամբ, պարզորոշ հաստատում են, որ Հայաստանում տնտեսական ու քաղաքական հեղափոխության վիճակը անխուսափելի է դառնում: Գարունը չեն պատվիրում, այլ գարունը գալիս է, թեկուզ ուշացումով...
Հեղափոխությունը հասարակական տնտեսական ծայրահեղ ծանր վիճակի լուծման միջոց է, հեղափոխությունները կատարվում են ոչ լավ օրից... Պատմությունը ցույց է տվել, որ ժողովրդական զանգվածները իրենց կյանքի պայմանները բարելավելու և քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար, հեղափոխության են գնում, երբ բոլոր այլ միջոցները սպառված են լինում:
Հեղափոխության երգիչ, մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը այսպես է նկարագրում հեղափոխության ելած ամբոխներին.



Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված`
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված:
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ`
Եկել էին նրանք նորից` լուսավառված ու կրակոտ:
Ով քաղաքից էր հեռացել – նա թողել էր մշուշը ծեր,-
Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել:
Ով եկել էր գյուղից հեռու – նա թողել էր հողը խոնավ,
Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ:
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել:
Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր անորոշ`
Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես կարմիր դրոշ:
Ով եկել էր թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի`
Բերել էր իր մկաններում բեղմնավորված ուժը հողի:
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես գերի-
Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների…
Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ`
Անծիր դաշտում այդ հավաքված` նրակք կռվի էին ելել:

Բոլորս էլ գիտակցում ենք, որ Հայաստանում պրոբլեմների հեղափոխական ելքով լուծումը լավագույն միջոցը չէ, սակայն Հայաստանի իշխանությունները, օլիգարխիկ մեծահարուստներն ու ժողովրդին անխնա կեղեքողները, կաշառակեր բարձրաստիճան պետական պաշտոնյաները, անարդար դատարանները, օրենսդիր ու գործադիր անօրենները այլընտրանքի տեղ չեն թողնում ժողովրդի համար:
Հայաստանի վերնախավը նույնպես գիտակցում է, որ հեղափոխությունից ծանր վնասներ են կրելու և շատ բան են կորցնելու , որ հակափամփուշտային ջիփերը, համերները, սափրագլուխ դիպուկահար թիկնապահների բանակն էլ չի կարող պաշտպանել իրենց: Սակայն շահի ու ժողովրդին հարստահարելու անհագ մարմաջը մղում է նրանց երկիրը պահելու սոցիալապես այս պայթունավտանգ վիճակում... Սփյուռքը անզոր է լուրջ միջամտություններ կատարելու, սակայն մեծապես մտահոգ է մեր երկրի, մեր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով: Մենք օտար երկրների շահամոլական «բարեկամությանը» չենք հավատում: Թուրքն ու պանթուրքիզմը յոթը սարի ետևում չէ, այլ Արարատի փեշերին է ու Արցախի սահմաններում:
Քաջ հայտն է,որ ԼՂՀ –ի անվտանգությունը ուղիղ կախված է Հայաստանում տիրող քաղաքական կայունության աստիճանից: Հայաստանի ու Արցախի իշխանություններն ու նրանց հետ սերտաճած մոնոպոլ- կապիտալիստները երկրի բնակչության սոցիալական վիճակը չբարելավելով, բարձրացնում են հեղափոխական ու զենքի դիմելու միջոցներով հարցերի լուծման հավանականությունը, որի ծանր հետևանքների համար պատասխանատու են: Այն, ինչին վկա ենք այսօր արաբական աշխարհում, խոսուն արտահայտություններն են վերը նշվածների...
Անհիմն են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը աղքատ երկիր է և միջոցներ չունի:Եթե երկրում պալատներ ու սեփական եկեղեցիներ կառուցելու ու երկրից դուրս պալատներ գնելու համար միջոցներ կան, ապա երեխաներին սնելու ու ցեխաջրերից հանելու հնարավորություն անպայման կա: Հայաստանի ու Արցախի հարստության արդարացի բաժանման դեպքում, ժողովուրդը կարող է ապահով ու լավ կենսամակարդակ ունենալ:
Ոչ արտահերթ և ոչ էլ հերթական ընտրությունները և ոչ էլ նախագահների փոփոխումը, երկրի անմխիթար վիճակին փոփոխություն չեն բերելու: Համակարգային փոփոխություններ են պահանջվում:
Նրանք, ովքեր այսօր չեն հարգում հայ մարդու, իրավունքներն իր երկրում, վաղը ստիպված կլինեն երկիրն ու իրենց հարստությունները պաշտպանելու համար Գինեբիսաոյից, Քոնգո-Քինշասայից ու Բանգլադեշից վարձկաններ բերել : Այս բոլորը տխուր են հնչում, սակայն սպասելի են...
Ժողովրդական զանգվածները իրավունք ունեն բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու իրենց քաղաքացիական իրավունքները՝ ընդհուպ մինչև հեղափոխություն
Դոկտ. Արամայիս Միրզախանյան
31 Հուլիս, 2011, Ստոքհոլմ

No comments: