Friday, August 26, 2011

Տեր-Պետրոսյանի նկարը կախեք

«Լրագիր» 26-8-2011- Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե արգելել է իր դիմանկարը կախել իր ենթակաների սենյակներում: Նա ասել է, թե իր աշխատասենյակում կախված է Սերժ Սարգսյանի նկարը, քանի որ նախագահը խորհրդանիշ է:
Իսկապես, նախագահը խորհրդանիշ է, եւ երբ նրա դիմանկարը կախում են, դա, ըստ տրամաբանության, նշանակում է նվիրվածություն որոշակի արժեհամակարգի, քաղաքական կուրսի, պետական կյանքի ավանդույթների:
Բնականաբար, Ալիկ Սարգսյանն ու մյուս չինովնիկներն էլ, որոնց աշխատասենյակներում անխտիր փակցված է Սերժ Սարգսյանի դիմանկարը, կարող են հայտարարել, որ իրենք էլ նույն կերպ հավատարիմ են ինչ որ արժեհամակարգի, քաղաքական կուրսի, որ առկա է ներկայում: Եւ դրանում պետք չէ կասկած ունենալ:
Մյուս կողմից, գործող <շեֆի> դիմանկարը գլխավերեւում կախելը խորհրդային-կռապաշտական ավանդույթի մի մասն է, որը բուռն ծաղկում է ապրում Հայաստանում: Դրա իմաստն այն է, որ ենթակաները հանկարծ <չմոռանան>, թե ում են այս կյանքում իրականում պարտական ու հաշվետու:
Իսկ եթե չինովնիկներն իսկապես նվիրված են ոչ թե կոնկրետ անձի, այլ պետության խորհրդանիշի, ինչպես հավաստիացնում է ոստիկանապետը եւ այլ պաշտոնյաներ, ապա նրանք կարող էին իրենց կաբինետներում կախել օրինակ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմանկարը:
Օրինակ, որքան բազմախորհուրդ ու լայնախոհ քայլ կլիներ, եթե Տեր-Պետրոսյանի դիմանկարն իր աշխատասենյակում կախեր նաեւ Սերժ Սարգսյանը:

No comments: