Thursday, August 4, 2011

«Հակահայկական գրոհին պետք է համազգային պատասխան տրվի»

Միխեիլ Սաակաշվիլու այն հայտարարությունը, թե Ադրբեջանի թշնամին նաեւ Վրաստանի թշնամին է, ուղղված է նաեւ Հայաստանի դեմ եւ անտեսում է Վրաստանի լիարժեք քաղաքացիներ հանդիսացող վիրահայերի պատիվն ու արժանապատվությունը: Օգոստոսի 3-ի ասուլիսում նման հայտարարություն արեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքերով, վերջին 3-4 ամիսներին կազմակերպված քարոզչական գրոհ է սկսվել Հայաստանի դեմ. մի կողմից թուրքերն ու ադրբեջանցիները, հիմա էլ` վրացիները: «Այսօրվա Վրաստանի քաղաքականությունը 1918-20թթ.-ի Վրաստանի քաղաքականության օրգանական շարունակուկթյունն է: Անշուշտ, Վրաստանի մեծ խնդիրը Ռուսաստանն է, բայց հայտարարությունը վերաբերում է նաեւ Հայաստանին: Նրանց պետք է բացատրել, որ այս Հայաստանն ալեւս այն Հայաստանը չէ եւ ունի շատ մեծ դաշնակիցներ: Նաեւ Սփյուռքի գործոնը կա, որը կարող է բոլոր միջոցներով հակազդել ցանկացած հակահայկան քայլի: Պետք է նաեւ հասկացնել վրացիներին, որ Հայաստանի հետագա թուլացումը ապագայում կբերի Վրաստանի կործանմանը թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքին»,- կարծիք հայտնեց քաղաքգետը:
Լ.Շիրինյանը գտնում է, որ ռուսական կողմը փորձելու է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությնունները լարել: «Եթե հարաբերությունները լարվելու են, ապա մի տարբերակ կա միայն` հայկական կողմը իր պահանջներով պետք է ասպարեզ մտնի, ոչ թե դառնա խամաճիկ»,- նշեց նա, հավելելով, որ այսպիսի հայտարարություններին պաշտոնապես չպատասխանելը «աբստրակտ դեմոկրատիզմի եւ մեռած քաղաքական պատկերացման արդյունք է»:
«ՀՀ արտգործնախարարությունը հայ ժողովրդի համար պետք է շատ ավելի բաց աշխատի: Նախարարությունը պետք է ժողովրդին հաշվետու լինի, ոչ թե անհասկանալի եւ մութ գործեր անի, իբրեւ թե դիվանագիտական գաղտնիքը պահելու համար: Վրաստանի խորհրդարանում մարդուն վիրավորելու համար ասում են «սոմեխի», այսինքն` հայ, իսկ Հայաստանից ոչ մի պատասխան»,- շեշտեց քաղաքագետը: Էրդողանի հայտարարությանն էլ, ըստ քաղաքագետի, պետք էր պատասխանել գոնե արտգործնախարարի մակարդակով։
Հակահայկական այս գրոհին, ըստ Լ.Շիրինյանի, պետք է համազգային պատասխան տրվի: «Հայաստանում եւ Սփյուռքում բոլորը պիտի մի մարդու նման ոտքի կանգնեին եւ բողոքեին: Ես գիտեմ, Սփյուռքը շատ զգայուն է եւ նրան կարելի է շատ արագ ոտքի հանել: Մինչդեռ այստեղի վարած ոչ ճիշտ քաղաքականության պատճառով Սփյուռքը չեռաց, չարձագանքեց, ինչպես հարկն էր»,- ասաց Լ.Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքերով, հիմա շատերը կարծում են, որ Հայաստանը գտնվում է ծանր իրադրությունում եւ օգտվում են առիթից: «Սեփական թերությունների այսպիսի շքահանդես-քննադատությունը շատ օգտակար չէ: Պետք է քննադատել, լուծել խնդիրները, բայց ոչ այս ձեւով եւ այդ իմաստով լավ կլինի իշխանություն-ընդդիմություն այս երկխոսության դրական լուծումը»,- նշեց Լ.Շիրինյանը:
Տեղեկացնում է «Նոյյան Տապան»-ը:

No comments: