Tuesday, August 2, 2011

Վրաստանի թիվ մեկ դաշնակիցը Հայաստանն է. ադրբեջանցի քաղաքագետ

Tert.am. 1-8-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքականությունը հոգեպես անհավասարակշիռ է։ Այս մասին SalamNews–ին տված հարցազրույցում ասել է Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն՝ մեկնաբանելով Սաակաշվիլիի այն խոսքերը, թե «Ադրբեջանի թշնամին նաև Վրաստանի թշնամին է»։
«Չեմ կարծում, թե Սաակաշվիլին այսօր իրականում վստահ է այն բանում, որ Ադրբեջանի թշնամին համարվում է նաև Վրաստանի թշնամին։ Այո, ավելի վաղ ադրբեջանա–վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, սակայն այսօր կարելի է ասել, որ Վրաստանի համար թիվ մեկ դաշնակիցը Հայաստանն է»,– ասել է ադրբեջանցի քաղաքագետը՝ ավելացնելով. «Վերջին շրջանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունում փոփոխություններ են նկատվում։ Նրա քաղաքականությունը կարելի է անվանել հոգեպես անհավասարակշիռ»։
Ընդգծելով, որ Վրաստանի նախագահի խոսքի և գործի միջև առկա են հակասություններ, Մուբարիզ Ահմեդօղլուն ասել է. «Սաակաշվիլիի որոշ հայտարարություններ ոչ այլ ինչ են, եթե ոչ ժողովրդահաճություն։ Դրանք անհրաժեշտ չափով չեն արտացոլում ադրբեջանա–վրացական հարաբերությունների այսօրվա իրողությունները… Վրաստանի նախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ ասված խոսքի և արված գործողությունների միջև այսօր առկա են հակասություններ։ Ցանկալի կլիներ, որ Վրաստանի նախագահն այսօր վարեր ավելի հանդուրժող և հոգեպես հավասարակշռված քաղաքականություն։ Ցավոք, Սաակաշվիլին այսօր դա չի անում»։
Հիշեցնելով Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ընդունված օրենքը՝ ադրբեջանցի քաղաքագետն ասել է. «Սաակաշվիլին նախաձեռնեց Վրաստանում կրոնական համայնքներին իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու մասին օրենքի ընդունումն ու հաստատումը։ Սակայն դա միանշանակ չընդունվեց Վրաստանում, քանի որ բխում է հայկական եկեղեցու շահերից և որոշակիորեն հակասում վրացական շահերին։ Բացի այդ, վրացիները շուտ մոռացան Հայաստանի՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի վերաբերյալ բանաձևին «դեմ» քվեարկելու հանգամանքը։ Այն ժամանակ ոչ Վրաստանի նախագահը, ոչ էլ արտգործնախարարը դժգոհություն չհայտնեցին Հայաստանին»։
Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով՝ հայ–վրացական սերտ համագործակցության մասին է վկայում նաև Սաակաշվիլիի՝ էլեկտաէներգիայի վաճառքի տարանցման համար կայացրած որոշումը։
«Այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքը շատ ավելի հարմար է, Սաակաշվիլին հրահանգել է Իրան էլեկտրաէներգիա արտահանելու համար որպես տարանցման ուղի օգտագործել Հայաստանի տարածքը։ Էլեկտրաէներգիայի տարանցումից Հայաստանը մեծ շահույթ է ստանում։ Իսկ Ադրբեջանը շարունակում է Վրաստանին գազ վաճառել շուկայականից ցածր գնով»,– ասել է Մուբարիզ Ահմեդօղլուն։

No comments: