Saturday, August 6, 2011

Անկարան կրկին խայտառակվում է՝ խուսափելով Դինքի ընտանիքին փոխհատուցում վճարելուց

Tert.am. 6-8-2011- Թուրքիայի իշխանությունները հերթական խայտառակ փորձն են արել՝ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործում իրենց արդարացնելու և ավելի վաղ դատարանի որոշմամբ խմբագրապետի ընտանիքին փոխհատուցում վճարելուց խուսափելու համար։
Ինչպես գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը, Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է Ստամբուլի 10-րդ վարչական դատարանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ ՆԳՆ–ն որպես փոխհատուցում պետք է Դինքի եղբայրներին՝ Խոսրովին և Երվանդին վճարի 100 հազար թուրքական լիրա (մոտ 60 հազար ԱՄՆ դոլար)։
Թուրքիայի ՆԳՆ–ի փաստաբանների կողմից կազմված և Պետական խորհուրդ (Բարձրագույն վճռաբեկ ատյան) ներկայացված բողոքարկման դիմումում նշվում է, թե Հրանտ Դինքը չի դիմել իրավապահներին համապատասխան պաշտպանություն ստանալու համար, իսկ նախարարությունն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները սպանությունը կանխելու համար։ Թուրքիայի ՆԳՆ–ն հայտարարել է, թե որևէ պատասխանատվություն չի կրում Դինքի սպանության համար և պահանջել բեկանել Ստամբուլի դատարանի՝ փոխհատուցում վճարելու մասին որոշումը։
Բացի այդ, ՆԳՆ–ի դիմումում նշվում է, թե «փոխհատուցման չափը հակասում է նպատակին և ուղղված է ոմանց անբարո և չափից շատ հարստացնելուն»։
«Վաթան» օրաթերթը Թուրքիայի ՆԳՆ–ի այս դիմումը համեմատել է անցած տարի Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկված պաշտպանության խայտառակ տեքստի հետ, որն ավելի ուշ Թուրքիայի իշխանությունները հետ էին կանչել։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն իր ողբերգական մահվանից մեկ շաբաթ առաջ դիմել էր ՄԻԵԴ` բողոքարկելով Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով իր դեմ կայացված դատավճիռը։ Դինքի սպանությունից հետո ՄԻԵԴ էր դիմել նաև նրա ընտանիքը` Հրանտի ներկայացրած բողոքին ավելացնելով այն, որ չնայած թուրք իրավապահները նախապես իմացել են Դինքի նախապատրաստվող սպանության մասին, ոչինչ չեն արել այդ ոճրագործությունը կանխելու նպատակով:
ՄԻԵԴ-ը, ի մի բերելով ինչպես Հրանտ Դինքի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների ներկայացրած 5 դիմումները, գործն ընդունել էր վարույթ և թուրքական իշխանություններից պահանջել ներկայացնել պաշտպանություն:
Ի պատասխան Անկարան պաշտպանության անհաջող և խայտառակ փորձ արեց` խմբագրապետին համեմատելով նացիստական առաջնորդներից մեկի հետ:

«Ժողովրդավարական հասարակությունում նման հոդվածները (Դինքի դատապարտման համար պատճառ դարձած հոդվածը) միտված են սադրելու ժողովրդին և խախտելու հասարակական կարգը։ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն «ատելության խոսքը խոչընդոտելու» առնչությամբ խորհրդատվական բնույթի որոշում է կայացրել: Դինքի հոդվածում առկա է «ատելության խոսք», իսկ նրա դեմ ներկայացված մեղադրանքը նրա արմատների հետ որևէ առնչություն չունի»,- նշվում էր թուրքական իշխանությունների ներկայացրած պաշտպանության տեքստում, որն ավելի ուշ Անկարան հետ էր կանչել և փորձել Դինքի ընտանիքի հետ գտնել «բարեկամական լուծում» և այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել էր Հրանտի եղբոր՝ Խոսրով Դինքի հետ:
Հիշեցնենք նաև, որ ՄԻԵԴ–ը բավարարել էր Դինքի ընտանիքի՝ թուրքական իշխանությունների դեմ ներկայացված հայցը և Անկարային պարտավորեցրել Հրանտ Դինքի հարազատներին վճարել 133 595 եվրոյի չափով փոխհատուցում, որը ներառում է նաև դատական ծախսերը:

No comments: