Saturday, August 6, 2011

Խաչատուրովն ի՞նչ անի

«Լրագիր» 6-8-2011- Հրապարակ օրաթերթը գրել է, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հուլիսի 11-ին, ժամը 3-ին, ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում իր ելույթում մասնավորապես հայտարարել է, որ ազատագրված հողերը պետք է հանձնվեն, քանի որ Ադրբեջանի բանակն այսօր ավելի ուժեղ է եւ որ Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն է տրվելու: ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր այս տեղեկությունը, սակայն Հրապարակ թերթը պնդել է իր տեղեկատվության իսկությունը:
Այս պարագայում, թերթի տեղեկատվությունն ավելի վստահելի է: Բանն այն է, որ Խաչատուրովի ասածները նորություն չեն. Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դասը, բարձրագույն իշխանության գլխավորությամբ, հակված է հանձնել մեր հայրենիքի մի մասը: Խաչատուրովը, որպես զինվորական, ընդամենը կրկնել է այդ ամենը:
Հայաստանի քաղաքական-բիզնես-ռազմական վերնախավը երկու ճանապարհ ունի, ինչպես ցանկացած վերնախավ. կամ անմնացորդ նվիրումով ծառայել պետության հզորացմանը, կամ տրվել անձնական խնդիրների լուծմանը: Մերոնք գնացել են երկրորդ ճանապարհով: Սրանում համոզվելու համար ինչ որ խոր ուսումնասիրություններ պետք չեն. բավական է նայել շուրջը` քաղաքների մայթերի, ճանապարհների որակից մինչեւ հայ զինվորի օրվա ռացիոնը:

Որպեսզի իրենց համար այս երանելի իրավիճակը պահպանվի` նրանք համաձայն են ամեն ինչի: Իսկ սեփական անկարողությունը քողարկելու համար ընդունել դեմքի լուրջ արտահայտություն եւ կապիտուլյացիան “հիմնավորել” մեր թուլությամբ, թշնամու ուժեղությամբ, աշխարհի այս ու այն կարգով, փողի ու ռեսուրսի բացակայությամբ, եւ այլն: Սակայն, չգիտես ինչու, իրենց անձնական բարեկեցության վրա դա չի ազդում:

Փող կա, շատ կա, դատելով Խաչատուրովի ու մյուս գեներալների, ընդհանրապես իշխանության ապրելակերպից: Կամք էլ կա, դատելով նրանից, որ նույն այս գեներալի ելույթի ժամանակ սպայական անձնակազմը ըմբոստացել է: Այդ ըմբոստությունը մի օր իր ձեռքը կառնի երկրի ռեսուրսը եւ կուղղի ուր որ պետք է:

No comments: