«Երկիր» միության «Վան» նախագծի շրջանակներում ձեւավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը այցելել եւ ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Արշավախմբի անդամ երաժիշտները («Վան» նախագիծ» խումբ, գեղարվեստական ղեկավարՙ Նորայր Քարտաշյան) գիտարշավի շրջանակներում մասնակցել են Արգուվանի երաժշտական փառատոնին (հուլիսի 24), ինչպես նաեւ Մնձուրի բնության եւ մշակույթի փառատոնինՙ ելույթ ունենալով Դերսիմի Օվաջըկ (հուլիսի 29) եւ Խոզաթ (հուլիսի 30) քաղաքներում կայացած համերգներին:Զուգահեռաբար, արշավախմբի կազմում ընդգրկված առանձին հետազոտական խումբը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ արեւելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ, դաշտային ազգագրական հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանումՙ հավաքելով ազգագրական բնույթի հարուստ նյութ:
Արշավախմբի դաշտային հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել են տեղական բնակչության ավանդական նվագարանները, տեսագրվել են ավանդական երգերն ու պարերը, տեսագրվել եւ գրի են առնվել վիպական բանարվեստի տեսակների (առասպել, հեքիաթ, ավանդազրույց, գուշակություն, անեծք եւ օրհնանք, աղոթք եւ այլն) մի շարք նմուշներ, տեսագրվել եւ գրի են առնվել էթնիկ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսեւորումներ:
Գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների եւ «Ֆինեկո» կազմակերպության (www.fineco.fr) ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաեւ թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակությամբ:
«Երկիր» միության կողմից իրականացվող «Վան» նախագծի հիմնական նպատակներն են.
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` Հայկական բարձրավանդակի եւ Սեւծովյան ավազանի տարածքում ապրող ծագումով հայ բնակչության բնիկ ինքնության պահպանմանը նպաստելը,
Հայկական բարձրավանդակի եւ Սեւծովյան ավազանի տարածքում ապրող էթնիկ խմբերի եւ Հայաստանի բնակչության միջեւ միջմշակութային կապերի հաստատումն ու զարգացումը, համատեղ արտահայտվելու հնարավորությունների ստեղծումը,
Հայկական բարձրավանդակի եւ Սեւծովյան ավազանի ավանդական երաժշտության եւ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ ճյուղերի ուսումնասիրությունը, դրանում առկա հայկական շերտի վերհանումը,
Հայկական բարձրավանդակի եւ Սեւծովյան ավազանի տարածքի հայկական ավանդական ժառանգության ներկայացմանն ու պրոպագանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment