Thursday, August 25, 2011

Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցին իրավաբանական անձի կարգավիճակ դեռ չի ստացել

Panorama.am. 24-8-2011- Վրաստանի կրոնական միավորումներից մինչ այսօր իրավաբանական անձի կարգավիճակ է ստացել միայն Վրաստանի Մուսուլմանների վարչությունը: Այդ մասին հաղորդում է վրացական «ipn.ge» կայքը:
Նշենք, որ Վրաստանի Մուսուլմանների վարչությունը ստեղծվել էր ս.թ. մայիսին Թբիլիսիում, ինչի կապակցությամբ իր դժգոհությունն էր արտահայտել Բաքվում գտնվող Կովկասի մուսուլմանների վարչությունը, որը խորհրդային ժամանակներից ի վեր ներկայացրել է ողջ Կովկասի մուսուլմաններին: Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ այժմ վերջինս, ըստ էության, կկորցի իր ազդեցությունը Վրաստանում:
Ինչպես հայտարարել է Բապտիստական-ավետարանչական եկեղեցու առաջնորդը, Բապտիստական-ավետարանչական եկեղեցին Արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալություն` հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու համար դիմում կներկայացնի ս.թ. սեպտեմբերին:
Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու մամլո ծառայության ղեկավարը նշված կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչ իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը անհրաժեշտ է հավաքագրել և պատրաստել համապատասխան փաստաթղթերը, և աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված Վրաստանի 5 կրոնական միավորներին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն, հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ օրինագիծը ուժի մեջ է մտել ս.թ. հուլիսի 7-ից:

No comments: