«ԱԶԳ», 23-08-2011- Վանդալային հարձակում է կատարվել Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա, որն 2 ամիս առաջ վերաօծել էր Գարեգին Երկրորդը Վրաստան կատարած հովվապետական այցի ժամանակ: Ըստ «Երկիր մեդիայի» կայքէջի, օգոստոսի 19-ի երեկոյան, մոտավորապես ժամը 4-ին, Թբիլիսիում` Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի են մտել ազգությամբ վրացի 2 երիտասարդ, ամենայն հավանականությամբ` հարբած վիճակում, եւ լկտի ու անհարգալից պահվածք դրսեւորել: Հոգեւոր հայրերն այդ ժամանակ բացակայել են: Եկեղեցում են եղել միայն 2 կին աշխատակցուհիները, մոմավաճառն ու հավաքարարը:Ըստ տեղեկության, երիտասարդներից մեկը մոտեցել է խորանի մոտ դրված Սուրբ Գրքին, կոպիտ շարժումներով թերթել այնպես, որ էջերից մեկը պոկվել է, ապա նստել է եպիսկոպոսական գահին: Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել սանձարձակներին եւ դուրս են արել նրանց: Դուրս գալիս խուլիգանները պոկել են եկեղեցու դռներին կախված հայտարարությունները եւ ցուցադրաբար այրել դրանք:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերով, արդեն դիմում է եղել ոստիկանություն: Առաջնորդարանը պատրաստվում է դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարություն եւ պետական այլ կառույցների, ինչպես նաեւ բողոքի նոտա փոխանցել վրաց ուղղափառ եկեղեցուն:
Վազգեն եպիսկոպոսի համոզմամբ` վրաց երիտասարդների այս արարքը հետեւանք է հուլիսի 5-ին Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխության, ինչը նախատեսում է իրավական կարգավիճակի տրամադրում երկրի կրոնական համայնքներին: Դրանից հետո վրացական մամուլն առավել մեծ եռանդով սկսեց անդրադառնալ հայկական թեմային: Վիրահայոց հոգեւոր առաջնորդի խոսքով, դա նաեւ արդյունք է վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների ծայրահեղ եւ ազգայնամոլ քարոզչության, որի հետեւանքները վիրահայությունը զգում է նաեւ կենցաղային մակարդակում:
«Ազգը» քանիցս անդրադարձել է հայկական եկեղեցուն եւ կրոնական այլ համայնքներին Վրաստանում կարգավիճակ տրամադրելու օրենսդրական փոփոխությունների արձագանքներին, որոնց մեջ առավելապես սուր եւ անհանդուրժողական են վրաց պատրիարք Իլյա Երկրորդի մոտեցումները: Եվ այն ժամանակ, երբ վրացի խուլիգանները, վրացական մամուլի որոշ ներկայացուցիչների հետ, հերթական հակահայկական ալիքն են բարձրացնում, ոչ միանշանակ են հնչում վրաց պատրիարքի այն խոսքերը, որ կիրակնօրյա պատարագին վրաց պատրիարքը քարոզել է իր հոտին. «Շտապեք բարին անել: Դա ձեզ կօգնի ինչպես այս, այնպես էլ այն աշխարհում»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment