News.am. 28-8-2011- Թուրքական դատարանն օգոստոսի 25-ին մերժել է Հեռահաղորդակցության տնօրինության (TİB) բողոքն ընդդեմ դատարանի ավելի վաղ ընդունած` Հրանտ Դինքի սպանության վայրին մոտ կասկածելի կերպով գտնվող մարդկանց հեռախոսազրույցների ձայնագրությունները տրամադրելու որոշման, եւ պահանջել է ձայնագրությունները ներկայացնել դատարան: Այդ մասին գրում է թուրքական «Today’s Zaman»-ը:Դինքի սպանության գործը քննող 14-րդ բարձր քրեական դատարանը հայցվորների խնդրանքով Հեռահաղորդակցության տնօրինությունից պահանջել էր ձայնագրությունները: Տնօրինությունը ընդդիմացել էր որոշմանը եւ հայտարարել, որ դա «կլինի միջամտություն մարդկանց անձնական կյանքին»: TİB-ը նաեւ դիմել էր վերադաս ատյան` բողոքարկելով դատարանի որոշումը:
Սակայն վերադաս` 9-րդ բարձր քրեական դատարանը միաձայն մերժել է բողոքը եւ հաստատել, որ TİB-ը պետք է ներկայացնի ձայնագրությունները: Այդ հաստատությունը հեռախոսային խոսակցությունները ջնջում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Գրեթե հինգ ամիս է մնացել մինչ Դինքի սպանության ժամանակ արված ձայնագրությունների ջնջման պահը:
Հետաքննությունը պարզել է, որ ոստիկանությունը տեղեկացված է եղել Դինքի սպանության ծրագրերի մասին: Ներկայումս 19 կասկածյալներ են կանգնած դատարանի առջեւ, որոնց մեծ մասը, այդ թվում` մարդասպանը, Տրապիզոնից են: Այնտեղի ոստիկաններն ասել են, որ Ստամբուլի ոստիկանությանը հայտնել են Դինքին սպանելու դավադրույթան մասին:
Ի հավելումն դավադրության մասին զգուշացումներն անտեսելու մեղադրանքի` հայցվորի շահերը ներկայացնող փաստաբանները ոստիկանությանը մեղադրում են նաեւ մի քանի կասկածյալների պաշտպանելու նպատակով կարեւոր ապացույցներ ոչնչացնելու մեջ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment