Tert.am. 27-8-2011- «Հուլիսի 11–ին ՀՀ կառավարությունը Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակեց Լիդա Նանյանին, որը դարձավ առաջին կին մարզպետը Հայաստանում։ Չնայած այդ անսպասելի իրադարձությանը՝ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում կանանց ներկայությունը դեռ շատ փոքր է»,– ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված նամակում (2007թ.) գրում է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան։Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթում դիվանագետը ընդգծում է, որ Նանյանի ընտանիքը մեծ բիզնես շահեր ունի Շիրակի մարզում, ինչպես նաև սերտ կապեր Սերժ Սարգսյանի հետ (որն այդ ժամանակ ՀՀ վարչապետն էր)։
«Հանրապետական կուսակցությունը հավանություն տվեց Նանյանի թեկնածությանը՝ չնայած այն հանգամանքին, որ նա անկուսակցական է»,– գրում է դիվանագետը։
«Կառավարության նոր կազմում միայն երեք կին փոխնախարար կա և մեկ կին նախարար (մշակույթի նախարարը)։ Չնայած մայիսի 12–ի խորհրդարանական ընտրությունները որոշ չափով մեծացրեցին կանանց ներկայությունը (7–ից դարձավ 12) խորհրդարանում, բայց կին պատգամավորները խորհրդարանում ընդամենը 9.1 տոկոս են կազմում»,– նշում է դիվանագետը և հավելում, որ նրանք բոլորը համամասնական ընտրակարգով են իշխանության եկել։
«Հայաստանի գերազանցապես արական սեռի քաղաքական կյանքում կին քաղաքական գործիչները դժվարին պայքար են մղում՝ ընդունված լինելու համար։ Որպես արդյունք, հավանաբար բացառությամբ Հրանուշ Հակոբյանի, իշխանամետ կուսակցությունները ներկայացնող կին խորհրդարանականների մեծ մասը, որպես կանոն, դիտվում են որպես քվոտա լրացնողներ, որոնք իրենց լուռումունջ են պահում և ուշադրություն չեն հրավիրում իրենց վրա, չեն փորձում ակտիվիստ դառնալ կամ գոնե զբաղվել կանանց շահերի պաշտպանությամբ։ Ի տարբերություն իշխաանամետ կուսակցություններ ներկայացնող վերոնշյալ կանանց՝ այսօր խորհրդարանում ներկայացված են նաև մի շարք ակտիվ և համարձակ կանայք (այդ թվում՝ Լարիսա Ալավերդյանը), որոնք ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն են ներկայացնում։ Այդ կանայք քաղաքական կին գործիչի իմիջը բարելավելու պոտենցիալ ունեն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment