Tuesday, August 9, 2011

Քանի դեռ Բաքուն չի հրաժարվել վասալի հոգեբանությունից, ԼՂ հիմնախնդիրը չի լուծվելու հօգուտ Ադրբեջանի. «Զերկալո»

Tert.am. 9-8-2011- Քանի դեռ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի հրաժարվել վասալի հոգեբանությունից ԼՂ հակամարտությունը չի լուծվելու հօգուտ Բաքվի։ Այս մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպմանը։
«Այսօր Սոչիում հերթական հանդիպումն է տեղի ունենալու Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև։ Իսկ Ղազախստանի մայրաքաղաքում օգոստոսի 12-13-ը տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է երկկողմ հանդիպում Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակելու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։ Ընդգծենք, որ Մեդվեդևի և Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական կողմի համար ոչ բարենպաստ քաղաքական և հոգեբանական պայմաններում»,– գրում է «Զերկալոն»։
Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ դասեր քաղեցին 2008թ. տեղի ունեցած ռուս–վրացական հնգօրյա պատերազմից՝ ադրբեջանական պարբերականը գրում է. «ՌԴ նախագահը, ընդհանուր առմամբ, Վրաստանի օրինակով «դաս տվեց» Ադրբեջանին, որը չի հոգնում հայտարարել, թե խաղաղ բանակցային գործընթացի տապալման դեպքում իրեն իրավունք է վերապահում Հայաստանի կողմից օկուպացված տարածքներն ազատագրել ռազմական ճանապարհով»։
Ադրբեջանական պարբերականը ենթադրում է, թե Դմիտրի Մեդվեդևի այդ խոսքերից հետո հայկական կողմն արդեն պատրաստվում է առանց վախի և ռիսկի «պահոց ուղարկել» Մադրիդյան սկզբունքները։
Անդրադառալով Մոսկվայի պետական համալսարանի Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովի՝ «Մոսկովսկիյե նովոստի» թերթին տված հարցազրույցին և այն դիտարկմանը, թե Մեդվեդևի հայտարարությանն առաջինն արձագանքեց Բաքուն՝ «Զերկալոն» նշում է. «Պաշտոնական Երևանը կարիք չունի արձագանքելու Մեդվեդևի հայտարարությանը, քանի որ ՌԴ նախագահի կողմից առաջ քաշված տարբերակը լիովին տեղավորվում Հայաստանի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ ունեցած մոտեցման մեջ։ Պաշտոնական Երևանը պատրաստ է ստատուս քվոյի պահպանման պայմանով անվերջ վարել խաղաղ բանակցություններ»։
«Զերկալոն» քննադատում է Ադրբեջանի իշխանություններին այն բանի համար, որ նրանք որևէ կերպ չփորձեցին արձագանքել օրեր առաջ Մեդվեդևի հնչեցրած հայտարարություններին։
«Մեդվեդևի այդ խոսքերը պետք է կոշտ քննադատության արժանանային Բաքվի կողմից, սակայն ոչ երկրի նախագահի, այլ «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից… Ադրբեջանի իշխանությունները չեն հոգնում կրկնել, թե իրենց երկրի ժողովրդի համբերությունը սպառվում է, և եթե առաջիկայում խաղաղ բանակցային գործընթացը որևէ արդյունք չտա, Բաքուն ստիպված է լինելու խնդիրը լուծել ուժային ճանապարհով։ Սակայն Դմիտրի Մեդվեդևի ասածից ստացվում է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերջ տանել առկա ստատուս քվոն»,– գրում է թերթը։
«Զերկալոն» գրում է, որ Մեդվեդևի հայտարարությունից հետո պետք էր գոնե պաշտոնական մակարդակով ցուցադրել, թե Ադրբեջանը շանտաժի չի տրվում։
«2008թ. ռուս–վրացական հնգօրյա պատերազմից անմիջապես հետո Բաքվում նախագահի աշխատակազմին կից գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կազմակերպվեց համաժողով՝ նվիրված երկկողմ հարաբերություններին։ Ռուսական պատվիրակության ղեկավար Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին բաց տեքստով ասաց. «Դուք՝ ադրբեջանցիներդ, լավ տղաներ եք։ Ձեզ ճիշտ պահեք Ռուսաստանի առնչությամբ։ Իսկ ահա Սաակաշվիլին այլանդակի մեկն է։ Սակայն արժե, որ հիշեք Ռուսաստանի՝ Վրաստանին տված դասը»։ Այն ժամանակ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը չդիմացավ և հայտարարեց, որ Ռուսաստանի համար արդյունավետ չէ Ադրբեջանի հետ խոսել շանտաժի և սպառնալիքի լեզվով»,– նշում է ադրբեջանական պարբերականը՝ ավելացնելով. «Բնականաբար, պարոն Օստրովսկին Ռուսաստանի նախագահը չէ։ Սակայն հիմա ոչ թե 2008թ., այլ 2011թ. օգոստոսն է։ Իակ մեր բարձրաստիճան պաշտոնյաները և կուսակցական բոսերը լռում են։ Սակայն հարկ է հիշել, թե ինչպես են նրանք հերթ կանգնում Լեռնային Ղարաբաղին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցում ԱՄՆ–ի, իսկ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում էլ Թուրքիայի «վրայով քշելու» համար»։
Ընդգծելով, որ Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ Մեդվեդևի կողմից ասված խոսքերն ամենևին էլ պատահական չէին, «Զերկալոն» նշում է. «Բացառված չէ, որ Ռուսաստանի նախագահն իրականում ձեռնարկում է վերջին փորձը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր անձնական միջնորդական առաքելությունը փրկելու համար։ Եթե ուսումնասիրենք ՌԴ նախագահի հայտարարությունը, ապա ստացվում է, որ պաշտոնական Բաքվի դեմ շանտաժը հետապնդում է կարճաժամկետ հեռանկարով կոնկրետ նպատակ։ Կարճ ասած, Ռուսաստանը փորձում է հասնել այն բանին, որ Ադրբեջանն ավելի «զիջող» դառնա։ Սակայն չի կարելի թույլ տալ, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, թե Ռուսաստանն այդ նպատակին հասնելու համար կարող է ընտրել շանտաժի ճանապարհը»։
Ընդգծելով, որ ստեղծված իրավիճակն ամենևին էլ բարենպաստ չէ Ադրբեջանի համար, պարբերականը գրում է. «Վերը նշված գործոնները որոշակիորեն մեծացնում են Ադրբեջանի համար վտանգները, սակայն միևնույն ժամանակ լուրջ փաստարկ են այն բանի օգտին, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերություններում ձերբազատվել վասալի հոգեբանությունից։ Առանց դրա Բաքուն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում չի կարող հասնել ոչ արժանի պայմանների ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ոչ էլ աշխարհում իր նկատմամբ հարգանքի…»։

No comments: