Monday, August 22, 2011

«Թաբնաք.իռ». Իլհամ Ալիևը մի քանի անգամ մերժել է Իրանի դեսպանի` Թեհրան այցելելու պաշտոնական հրավերքը

«Մինչև ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադիի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված քննադատական հայտարարությունը, այսինքն, հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ (ԱՊԱ, Էքսպրես, Բաքու խաբար, Էխո և այլն) արդեն պարբերաբար իրականացնում էին հակաիրանական քարոզչություն»:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Կայքի հոդվածագիրը, անդրադառնալով ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Ֆիրուզաբադիի հայտարարության առնչությամբ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամիի արձագանքին, գրում է. «Պարոն դեսպանը նշել է, որ Ֆիրուզաբադիի հայտարարության առնչությամբ իրեն`Ադրբեջանի ԱԳՆ կանչելն ամբողջովին համապատասխանում է դիվանագիտական արարողակարգին, պարոն դեսպանն արդեն քանի անգամ Իլհամ Ալիևին պաշտոնապես հրավիրում է այցելել Իրան, սակայն Ադրբեջանի նախագահը բոլոր հրավերքները մերժել է և որպես իր ներկայացուցիչ Նոռուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Իրան էր ուղարկել վարչապետի որերորդ տեղակալին»:
«թաբնաք.իռ»-ի մեկնաբանը, խոսելով Ադրբեջանի իրականացրած հակաիրանական մի շարք քայլերի մասին, նշում է.
.«Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը վերջերս հակաիրանական ուղղվածությամբ նիստ էր հրավիրել
. Ադրբեջանի Հանրապետության դպրոցական դասագրքերում Իրանի զգալի տարածքներ ներկայացվում են որպես Ադրբեջանից անջատված տարածքներ
. Ադրբեջանը, ի պատասխան Իրանի, հրաժարվում է վերացնել վիզային ռեժիմը
. Ադրբեջանական Մոնաֆեղին խմբավորման անդամները վերջերս հարցազրույց են տվել ANS հեռուստատեսությանը
. Իրանցի միջուկային հարցերով զբաղվող գիտնականներից մեկի նկատմամբ ահաբեկչություն իրականացրած անձանց Ադրբեջանի Հանրապետությունը հեշտացրել է Իսրայել գնալու և վերադառնալու գործընթացը»
Հիշեցնեք, որ վերոնշյալ իրանական կայքը, օրերս, անդրադառնալով ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի հայտարարության առթիվ Բաքվում Իրանի դեսպանության հայտարարությանը, նշում է. «Բաքվում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին պետք է բացատրություն տա, թե ինչու՞ է հերքել ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Ֆիրուզաբադիի` Ադրբեջանի նախագահին ուղղված հիմնավորված և հստակ հայտարարությունը: ԻԻՀ դեսպանության անփորձությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի պաշտոնական Բաքուն շահարկի գեներալ Ֆիրուզաբադիի ամբողջովին ճիշտ հայտարարությունը»:

No comments: