Saturday, August 13, 2011

ԱՄՆ-ը հայերի գործով Անկարային կանչեց դատարան

Tert.am. 13-8-2011- Լոս Անջելեսի դաշնային շրջանային դատարանը որոշում է կայացրել Թուրքական իշխանությունների դեմ երեք հայերի ներկայացրած հայցի առնչությամբ, որով պարտավորեցրել է Անկարային պատասխանող կողմ դառնալ դատական գործընթացում: Այս մասին հաղորդում է Հայկական հիշատակության կենտրոնը` դատարանի այս որոշումն անվանելով «հայկական հայցվոր կողմի վաղաժամ հաղթանակը» սպասվելիք ծանր դատական ճակատամարտում: Դատարանը մեղադրվող կողմին պարտադրել է մինչև օգոտսոսի 19-ը ներկայացնել պաշտպանությունը:
ԱՄՆ-ում բնակվող մի խումբ հայերը հայց էին ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի 2010թ. դեկտեմբերին:
Հայցը Լոս Անջելեսի դատարան երեք հայերի անունից ներկայացրել է փաստաբան Վարդգես Եղիայանը։ Հայցվորները, որոնց թվում նաև փաստաբանի կինն է, Թուրքիայի կառավարությունից իրենց պապերի կորցրած ունեցվածքի համար պահանջում են 63 միլիոն 900 հազար դոլարի փոխհատուցում։
«Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի դեմ հայց ներկայացրած երեք հայերը թուրքական իշխանություններից պահանջում են 63.9 միլիոն դոլարի փոխհատուցում: Նրանց պապերին Ադանայում պատկանել է 49,5 հեկտար հողատարածք, այդ թվում՝ Ինջիրլիքի ամերիկյան ներկայիս ռազմաբազայի տարածքը։ Այս ամենը նրանց պապերից խլվել է 1915թ.։ Իսկ Թուրքիան Ինջիրլիքի ռազմակայանը տրամադրելով Միացյալ Նահանգներին՝ մեծ եկամուտներ է ապահովել իր համար»,– հայցը ներկայացնելուց առաջ հայտարարել էր փաստաբան Վարդգես Եղիայանը։
Նշենք, որ այս հայցը որևէ առնչություն չունի «Դավոյանի հայց» անունով հայտնի մեկ այլ դատական գործի հետ, որը 2010թ. հուլիսին մի խումբ ամերիկաբնակ հայեր ներկայացրել էին ընդդեմ Թուրքիայի կառավարության, Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի: Հայցը նախաձեռնել են լոսանջելեսաբնակ Գարբիս Դավոյանը և նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը։

No comments: