Saturday, August 6, 2011

Թուրքագետ. Թուրքիայի ներքին խժդժությունները ձեռնտու են Հայաստանին

News.am. 6-8-2011- Թուրքիայի ներքին խժդժությունները ձեռնտու են Հայաստանին, քանզի Անկարային քիչ ժամանակ է մնում արդյունավետ արտաքին քաղաքականություն կազմակերպելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Թուրքիայում ռազմական հրամանատարության փոփոխությունը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Թուրքիայում զինվորականների դիրքերի թուլացումը ձեռնտու է Հայաստանին, քանզի գեներալիտետը միշտ էլ ծայրահեղ ազգայնական է տրամադրված եղել եւ առաջին տեղում դրել է Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ավելին, թուրքական զինվորականությունը հայ համայնքը դիտում է որպես պոտենցիալ ներքին վտանգ:
Իր հերթին, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վարչապետ Էրդողանի ղեկավարությամբ չնայած, որ շարունակում է ադրբեջանակենտրոն քաղաքականություն վարել, սակայն դիտարկում է Թուրքիային որպես մոզայիկ երկիր:
«Էրդողանի դարաշրջանում Թուրքիայում զինվորականները հեռացվեցին քաղաքականությունից եւ երկիրը դարձավ առավել ժողովրդավարական եւ վերահսկելի»,-նշել է Շաքարյանը որպես օրինակ բերելով, որ եթե 1998 թ.-ի Սիրիայի հետ կապված որոշումները ընդունում էր զինվորականությունը, ապա այժմ նրանք ունեն ոչ թե վճռորոշ ձայնի, այլ միայն կարծիք արտահայտելու իրավունք:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գեներալ Նեջեթ Օզելին հաստատել է զինված ուժերի հրամանատարի պաշտոնում: Թուրքիայի զինված ուժերի նախկին հրամանատար Ըշըք Քոշաներն անցյալ շաբաթ անսպասելիորեն հրաժարական էր տվել: Նրա հետ միասին պաշտոնները լքել են Թուրքիայի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի հրամանատարները եւ ցամաքային ուժերի ղեկավարը: Գեներալները լքել են իրենց պաշտոնները Բարձրագույն ռազմական խորհրդի հրավիրման նախօրյակին:

No comments: