Tuesday, August 30, 2011

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Դա ենթադրում է պետականորեն առգրավված անշարժ գույքի վեադարձը ազգային փոքրամասնություններին

«ԱԶԳ», 30-08-2011- Թուրքիայում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ: Դրանց սկիզբը, անկախ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի նախապայմաններով ձախողումից, դեռեւս 2002-ին դրել են վարչապետ Էրդողանի «Ադարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները: Իսկ 2005-ին սկզբնավորված անդամակցության բանակցությունները Եվրոմիության հետ թափ են հաղորդել այդ փոփոխություններին:
Փոփոխություններից ամենանշանակալին թերեւս երկրում ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունների գործունեությունը վերահսկող բանակի դերի նվազեցումն էր: Թուրքական բանակը միաժամանակ վերահսկում էր նաեւ հանրապետության նախագահին առընթեր գործող ազգային անվտանգության խորհրդին:
Թուրքիայի ներքաղաքական կյանքում բանակի դերի նվազեցումը ԵՄ-ի պահանջն էր: Եվրոպական այս կառույցը անդամակցության բանակցությունների շրջանակում Թուրքիայից պահանջել էր նաեւ հարգել ազգային փոքրամասնությունների նկատմամբ թուրքական պետության Լոզանի պայմանագրով ստանձնած պարտավորություններն ու էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքները, այդ թվում նաեւՙ դեռեւս 1982-ին գեներալ Էվրենի զինվորական վարչակազմի ընդունած սահմանադրության փոփոխությունը:
Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները սահմանադրության առումով եւս որոշ քայլեր արել էին, սակայն դրանք մասնակի բնույթ են կրել, քանի որ հանգեցրել են ոչ թե սահմանադրության, այլ դրա առանձին հոդվածների փոփոխությանը: Հիմա արդեն կատարվում են սահմանադրությունն ամբողջությամբ փոխվելու նախապատրաստական աշխատանքները:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հայ, հույն, հրեա ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների իրավունքներին, որոնց ընդարձակման առումով էլ կարեւոր նշանակություն կունենա «օրենքի ուժ ունեցող որոշ հրամանագրերի փոփոխության մասին» հրամանագիրը, որը օգոստոսի 27-ին հրապարակվել է «Պաշտոնական» թերթում եւ մտել է ուժի մեջ:
Այս հրամանագիրը բաղկացած է 41 հոդվածներից, որոնք նպատակ են հետապնդում վերացնել Լոզանի պայմանագրի 38-45-րդ հոդվածներն ակնհայտորեն ոտնահարող դրսեւորումները եւ թուրքական իշխանություններին պարտավորեցնում են հարգել Թուրքիայի ոչ մահմեդական քաղաքացիների իրավունքները, ապահովել օրենքի առջեւ նրանց իրավահավասարությունը մահմեդականների հետ, ինչպես նաեւ բարեգործական միություններ, հոգեւոր եւ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, դպրոցներ եւ կրթական այլ հաստատություններ հիմնելու հարցում վերացնել ազգային փոքրամասնությունների առջեւ դրված բոլոր արգելքները:
«Սաբահի» հեղինակ Էրդալ Շաֆաքը օգոստոսի 28-ին անդրադառնալով հրամանագրին, գրում է, որ դա վերջնականապես պատմության աղբանոցն է նետում Լոզանի պայմանագիրը ոտնահարող եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիային մշտապես գլխացավանք պատճառող բոլոր ըմբռնումները, որոնք ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականության դրսեւորումներ են:
Խնդրո առարկա հրամանագրի պարագայում խոսքը սոսկ ազգային փոքրամասնությունների Լոզանի պայմանագրով սահմանված իրավունքների վերականգնումը չէ, այլեւ սկսած 1937-ից ազգային փոքրամասնություններից պետականորեն առգրավված կալվածքների վերադարձը հայ, հույն եւ հրեա համայնքներին:

Օգոստոսի 27-ին, երբ ուժի մեջ էր մտել հրամանագիրը, վարչապետ Էրդողանը Ստամբուլում Ռամադանի ընթրիքի սեղանին հյուրընկալել է Թուրքիայի հայ, հույն, հրեա, ասորի, քաղդեացի, բուլղարացի, վրացի եւ կաթոլիկ համայնքների հոգեւոր առաջնորդներին, եւ այս համայնքներին պատկանող 162 հիմնադրամի ներկայացուցիչներին:
«Ջիհան» գործակալության տվյալներով, բոլորն անխտիր բարձր են գնահատել առգրավված կալվածքները համայնքներին վերադարձնող այս հրամանագիրը: Դրա առնչությամբ Կ. Պոլսո հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը երախտագիտություն է հայտնել վարչապետ Էրդողանին, ասելով. «Հրամանագրով ուղղվում է անարդարությունը: Անցյալում տեղի են ունեցել տհաճ իրադարձություններ, հիմա արդեն դրանք սրբագրվում են»:
Հրեա համայնքի գլխավոր ռաբբի Իցհակ Հալեւան հրամանագիրը որակել է «հոյակապ», իսկ ուղղափառ ասորիների հոգեւոր առաջնորդ, մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը նշել է. «Մենք Թուրքիայում, հատկապես արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում ունենք բազմաթիվ կալվածքներ, իսկ Ստամբուլում ընդամենը առաջնորդարանի մեկ շենք եւ մեկ եկեղեցի: Նոր եկեղեցի կառուցելու համար երեք տարուց ի վեր բանակցում ենք կառավարության հետ, բայց ապարդյուն: Հուսով եմ, որ արդյունքի կհասնենք»:
Օգտվելով առիթից նշենք, որ համայնքների իրավունքներին եւ համայնքային կալվածքներին վերաբերող հրամանագրում խոսքը այն շինություննեի մասին է, որոնք ժամանակի ընթացքում առգրավվել են, այլ ոչ թե Թուրքիայում տարածքում հիմնահատակ ավերված քրիստոնեական եկեղեցիների, վանքերի, ոչ էլ կանգուն, սակայն թանգարանի կարգավիճակ ունեցող հոգեւոր շինությունների, ինչպիսին Աղթամար Սուրբ Խաչ եկեղեցին է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: