Friday, August 26, 2011

Ս. Մարտիրոսյան. Տեղեկատվական պատերազմների ոլորտում Հայաստանն առաջընթաց է գրանցել

Panorama.am. 25-8-2011- «Տեղեկատվական անվտանգության հարցերը հնարավոր չէ լուծել, որովհետև խնդիրներն այդ ոլորտում անընդհատ ավելանում են: Սա շատ հեղհեղուկ ոլորտ է: Բայց պետք է ասեմ, որ մի քանի տարի առաջ հակերային հարձակումների հետ կապված խնդիրներն այնքան շատ էին, որ անգամ թվարկել հնարավոր չէր: Այն ժամանակ Հայաստանը մի մեծ բաց ոլորտ էր, բայց հիմա այդպես չէ»,- անդրադառնալով Հայաստանի տեղեկատվական դաշտում ունեցած խնդիրներին`լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ այժմ արդեն թե´ պետական, թե´ մասնավոր ոլորտները պաշտպանված են և առհասարակ, ամբողջ տեղեկատվական ոլորտը դարձել է ավելի կազմակերպված:
«Քարոզչությունը և հակաքարոզչությունն ավելի պրոդուկտիվ են, երբ լուծվում է ոչ թե վերևից հրահանգով, այլ` իրար օժանդակելով ցանց է ստեղծվում: Այս առումով շատ դրական է, երբ, սփյուռքը կարողանում է ներգրավվել այնպիսի գործընթացում, որտեղ պետությունն ընդամենը հանդիսանում է օղակներից մեկը: Այս տիպի կառույցները նաև դժվարությամբ են որևէ ազդեցության տակ ընկնում»,- ընդգծեց փորձագետը:
Խոսելով տեղեկատվական պատերազմներում ԶԼՄ-ների դերի մասին` բանախոսն ասաց, որ զանգվածային լրատվամիջոցները պետք է օբյեկտիվ դաշտ ապահովեն, որտեղ ապատեղեկատվությունը չկարողանա ներթափանցել:
Ս. Մարտիրոսյանը նաև հավելեց, որ անգլալեզու և ռուսալեզու երկրներում որոշակի բալանս պահպանվում է, բայց կան նաև երկրներ, օրինակ Իրանը, որտեղ կա ադրբեջանամետ զանգված, ու տեղեկատվական դաշտի վրա նրանց ազդեցությունը բավական մեծ է:



No comments: