Friday, August 26, 2011

Օսկանյանի կոշտ հայտարարությունները Բրյուսելի հասցեին ընկալվել են որպես դեմքը փրկելու միջոց. Wikileaks

Tert.am. 25-8-2011- 2004թ. հունվարի 24-ին Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունը հարավկովկասյան պետությունների համար ավելի կոնկրետ դեր էր ենթադրում «Ընդլայնված Եվրոպա» ծրագրում։ Այս մասին ասվում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի՝ ԱՄՆ Պետդեպին ուղարկված 2004թ. փետրվարի 2-ի գաղտնի նամակում, որը հրապարակել է «Վիկիլիքս» կայքը։
Համաձայն հաղորդագրության՝ Եվրամիության պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները նույնիսկ հունվարի 28–30–ը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեիկի Թալվիթիեի այցը որակել են որպես «Բրյուսելի հարավկովկասյան օրակարգում Հայաստանի արտոնյալ դիրքի նշան»։ Այնուամենայնիվ, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեիկի Թալվիթիեի այցելությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ԵՄ հիշյալ նախաձեռնությունը կապել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի բրյուսելյան այցի ընթացքում իրականացված հաջող լոբբիի հետ։
Օրդուեյը Օսկանյանի այս հայտարարությունը պետդեպին ուղղված գաղտնի նամակում որակել է որպես «աննախադեպ ագրեսիվ տրամադրվածություն», ինչը անվանել է «սեփական դեմքը փրկելու փորձ» այն բանից հետո, երբ Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Սաահակիշվիլիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով տարածաշրջանում գտնվող Խավիեր Սոլանան և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները չէին այցելել Հայաստան։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Հեիկի Թալվիթիեն հունվարի 29-ին դեսպանի հետ հանդիպմանը ասել է, որ ինքը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում «Ընդլայնված Եվրոպա» նախաձեռնությունում Հայաստանի նման երկրների դերին։ Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է հավասարություն պահպանել հարավկովկասյան պետությունների միջև՝ առանց որևէ մեկին նախապատվություն տալու։
«Տարածաշրջան այցելությունների ընթացքում [ԵՄ պաշտոնյաները] կանգ կառնեն բոլոր երեք մայրաքաղաքներում՝ հաշվի առնելով խտրականության նկատմամբ կառավարությունների զգայուն վերաբերմունքը»,– ասվում է փաստաթղթում։
Օրդուեյն այնուհետև անդրադառնում է «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի նկատմամբ Հայաստանում սկիզբ առած թերահավատությանը՝ թե քաղաքական շրջանակներում, թե մամուլում։ Դեսպանը, սակայն, նկատում է, որ վերաբերմունքը այլ է ընդիմության շրջանում։
Անդրադառնալով քաղաքական բուռն մեկնաբանություններին՝ Օրդուեյը եկել է այն եզրակացության, որ Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելը Հայաստանի համար դարձել է ներքաղաքական մշտական խնդիր։
«Պահանջելով, որպեսզի Թալվիտիեն և Եվրամիությունը ճիշտ կառավարեն ակնկալիքները հայերի շրջանում՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար, մենք պետք է նաև հարկադրենք նրանց մատնանշել Հայաստանի եվրոէնուզիազմի նվազ նկատելի՝ քաղաքական շահերը։ Եթե հաշվի չառնենք կոշտ դիրքորոշումներ ունեցող թերահավատներին, որոնք Եվրոպայի հետ բարեկամությունը կապում են Լեռնային Ղարաբաղի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում զիջումների հետ, կարելի է ասել, որ Հայաստանը կշարունակի թեկուզ ձևականորեն պահպանել եվրոպամետ դիրքորոշումը տեսանելի ապագայում»,– գրում է դեսպանը։

No comments: