Friday, August 26, 2011

ՄՈՍԿՎԱՆ ԿԱՐՈՂ Է «ՀԱՅԿԱԿԱՆ» C-300 ՀԱՄԱԿԱՐԳԸ ՎԱՃԱՌԵԼ ԻՐԱՆԻՆ

Իսկ Հայաստան ներմուծել արդիականացված C-400 կամ C-500

«ԱԶԳ», 26-08-2011- Panorama.am-ի փոխանցմամբ` ամերիկյան Stratfor պարբերականը հոդված է տպագրել ռուսական C-300 հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության ու արդիականացման վերաբերյալ, որտեղ դիտարկվում են դրանք Իրանին վաճառելու հնարավորություններն ու հեռանկարները: Պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, թե դիմելու է ՄԱԿ-ի միջազգային դատարան ռուսական կողմից համակարգերի վաճառքի գործարքը կասեցնելու պատճառով:
Այս ենթատեքստում ամերիկյան պարբերականը գրում է, թե, իր աղբյուրների համաձայն, Ռուսաստանը դադարեցնելու է այդ համակարգերի արդադրությունն ընդհանրապես, փոխարինելով դրանք նորՙ C-400 համակարգերով: Ավելին, ըստ պարբերականի, ակտիվ աշխատանքներ են ընթանում C-500 նորագույն համակարգերի նախագծման ոլորտում, որի արտադրման հավանական ժամկետ է նշվում է 2012-ի ավարտը:

«Ռուսաստանը մտադիր է փոխարինել C-300 համակարգերը C-400-ով եւ իր հաեւան դաշնակից պետություններում` Բելառուսում, Հայաստանում ու Ղազախստանում, որոնց Ռուսաստանը սովորաբար օգտագործում է քաղաքականապես զգայուն զինամթերքի վաճառքի համար», ասված է հոդվածում:
Պարբերականը գրում է, թե Իրանին C-300 համակարգերի վաճառքի կասեցումը վերջնական չի կարելի համարել, չնայած դրանց արտադրությունը դադարեցվում է, կգտնվեն տարբերակներ Իրանին զինամթերք վաճառելու համար, ինչն էլ իր հերթին կախված կլինի իսլամական պետությանՙ Արեւմուտքի հետ բանակցություններից: «Ռուսաստանը համակարգերի վաճառքը Իրանին օգտագործում է որպես լծակ ԱՄՆ-ի դեմ», այս առնչությամբ գրում է հոդվածագիրը: Չի բացառվում, որ գործարքն իրականանա որեւէ այլ երրորդ երկրի միջոցով: Այս կապակցությամբ հեղինակը կրկին հիշատակում է ՌԴ դաշնակից պետություններին ու գրում, թե իրանցի պաշտոնյաների այցերը այդ երկրներ կարող են դրա վկայությունը լինել:

No comments: