Friday, August 26, 2011

WikiLeaks. Հայաստանի արտգործնախարարը Հիլարի Քլինթոնին հայտնել է «Թուրքայի մեղքով ստեղծված խոչընդոտի» մասին

News.am. 25-8-2011- WikiLeaks-ը հրապարակել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի նամակն` ուղղված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:
«Արձանագրությունների ստորագրման ժամանակ թուրքական կողմի մեղքով ստեղծված վերջին խոչընդոտը ակնհայտ ցույց տվեց, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների կարգավորման հետագա փուլերի վրա եւ կանխենք այն իրադարձությունները, որոնք կարող են ձախողել գործընթացը»,- ասված է Նալբանդյանի նամակում:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղական Թինա Քեյդենաուին փոխանցված նամակում ԱԳՆ նախարարը հաստատել է Հայաստանի` «արձանագրություններից բխող իր պարտականությունները հարգելու» պատրաստակամությունը:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ արձանագրությունների վավերացումը ոչ միայն նպաստավոր կլինի Հայաստանի եւ Թուրքիայի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար:
Ավելի քան մեկ տարվա լարված աշխատանքից հետո ձեռք է բերվել կարգավորման շատ կարեւոր, միեւնույն ժամանակ շատ դյուրաբեկ փուլ եւ ձեր օգնությունը շատ կարեւոր է, որպեսզի չկորցնենք երկու երկրների հաշտեցման պատմական պահը»,- ասված է նամակում:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի կողմից: 2010 թ. ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ թուրքական կողմը չի կատարում առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պայմանը: Այդուհանդերձ, Երեւանը իր ստորագրությունը արձանագրություններից հետ չի կանչել:

No comments: