Monday, August 22, 2011

Մեծ Բրիտանիայի Տեր և Տիկին դեսպանները Հայաստանում. Daily Mail

Բրիտանական Dailymail-ն անդրադարձել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպաններին` ամուսիններ Ջոնաթան Էյվսին և Քեթրին Լիչին` նշելով, որ ամուսինները միասին կկատարեն արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները` 4 ամիսը մեկ միմյանց փոխարինելով, որպեսզի կարողանան զբաղվել նաև իրենց երեխաների խնամքով:
Նախկին դեսպանի՝ 46-ամյա Չարլզ Լոնսդեյլի փոխարինման մասին որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ դեսպանն ամուսնացել էր իր մամլո քարտուղարի` ազգությամբ հայ կնոջ հետ:

Մեծ Բրիտանիայի երկու դիվանագետները` 51-ամյա Էյվսն ու 41-ամյա Լիչին, Հայաստան կժամանեն 2012 թ. հունվարին իրենց 3 երեխաների` 7-ամյա Մեդիի, 4-ամյա Միմիի և երկու տարեկան Ջոյի հետ: Ինչպես նշում է Dailymail-ը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը նույնիսկ հայտարարել է. «Դեսպաններն առաջին երկու տարում հազիվ են ճանաչում երկիրը, ուր ուղարկվում են դիվանագիտական առաքելություն իրականացնելու, և եթե ամեն 4 ամիսը մեկ ամուսինները փոխարինեն միմյանց, դա կառաջացնի մեր զարմանքն ու ծիծաղը»:
Նա նաև նշել է. «Մեծ Բրիտանիան հայերիս լուրջ չի վերաբերում: Ես կասկածում եմ՝ արդյո՞ք նրանք ամուսնական զույգի համատեղության կարգով դեսպան կուղարկեին, ասենք, Միացյալ Նահանգներ»:

Միացյալ Թագավորությունն աշխարհում ևս մեկ երկրում ունի երկու դեսպան միաժամանակ: Դա Զամբիան է, որտեղ դեսպան են նշանակված ամուսիններ Թոմ Քարտերը և Քերոլին Դևիդսոնը:

Էյվսն ու նրա կինը մինչ Հայաստանում նշանակում ստանալն աշխատել են Ճապոնիայում` Տոկիոյում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:

No comments: