Thursday, September 15, 2011

1994-ից զոհվել է 1500 երիտասարդ. բանակը բարեփոխումների կարիք է զգում

2008-2011 թթ. զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի: Նրանցից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994-ից ի վեր բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ: Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով: Բազմաթիվ սպանություններ չեն բացահայտվել: «Կոնգրես» հյուրանոցում երեկ կազմակերպված «Իրավիճակը հայկական բանակում» քննարկման նպատակն էր ներկայացնել բանակի խնդիրները, գնահատականներ տալ եւ բանակում բարեփոխումների հայեցակարգ մշակել: Կազմակերպիչները դահլիճում դրել էին խաղաղ պայմաններում զոհված մի քանի տասնյակ զինվորների նկարներ` հավելելով, որ նրանք պահանջում են արդարություն:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ` բանակում գործում է խորհրդային մոդելըՙ եւ գլխաքանակ լրացնելու խնդիր կա: Բանակի գլխավոր խնդիրներից է կոռուպցիան: Պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը բազմաթիվ են:
Փաստաբաններ Սեդա Սաֆարյանն ու Մուշեղ Շուշանյանը բանակում սպանությունների բազմաթիվ դեպքեր են ուսումնասիրել: Նրանք նշում են, որ սպանությունից հետո դեպքի վայրը լավ չի հսկվում: «Կորում են իրեր: Սպանության դեպքից հետո քննիչները հանգուցյալի ծոցագրպանից փաստաթուղթ էին հանել, հետո չէին կողմնորոշվել` տրամադրել նախաքննական մարմնին, թե ոչ: Երբ քննիչը կանխակալորեն առաջ է քաշում ինքնասպանության վարկածը, բացառված է, որ ընթանա օբյեկտիվ քննություն: Բազմաթիվ փորձերը ցույց են տվել, որ արհեստածին փորձագիտական եզրակացություններ են ներկայացվում», ասաց Սեդա Սաֆարյանը: Մուշեղ Իշխանյանն էլ հավելում է, որ բանակում մահվան ելքով դեպքերի վերաբերյալ հարուցվում են քրեական գործեր, որոնք սպանության հետ կապ չունեն: Նա անհրաժեշտ համարեց անկախ մարմնի ստեղծումը, որը կվարի քննությունը:
«Համազգեստովՙ թե առանց դրա, սա պատվի հարց է: Զինված ուժերը պատկանում են բոլորիս»: Սա էլ «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի տեսակետն է: Ներկայացնելով պետության միջազգային պարտավորությունները ռազմական ոլորտում, Կիրակոսյանն առաջարկում է սպայական անձնակազմի վերապատրաստման ինստիտուտ ստեղծել, որը կբերի կարգապահության, ընդհանուր կարգապահական կանոնագիրք մշակել, որը կսահմանի զինվորական վարքը: «Սպան կարող է բարձր կոչում ստանալ, եթե ապացուցել է, որ որոշակի ժամանակահատվածում ունեցել է առաջխաղացում: Հրամանատար լինելը նվեր չէ. կոչումը պետք է վաստակել: Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը նույնպես կարեւոր է: Այն կապահովի խնդիրների լուծումՙ բարձր մակարդակով»:
Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ առաջ քաշեց պրոֆեսիոնալ բանակի ստեղծման գաղափարը: Պաշտպանության նախարարության ներկայացուցչի գնահատմամբ` պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար ռեսուրսները բավարար չեն: «Բանակում բարեփոխումներ ընթանում են: Սպայական կազմի պատրաստման համար ինստիտուտ է գործում, կրթական բերեփոխումներ են իրականացվում, տպագրվել են ուսումնական ձեռնարկներ»:
«Ո՞ւմ են պետք բարեփոխումները, երբ սպանողին չեն պատժում, հրամանատարի, քննիչի նկատմամբ պատասխանատվություն չկա: Որդուս գլխից գնդակահարել են, բայց նրա սպանության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել», ասաց սպանված զինվորի հայր Ռոբերտ Միրզոյանը :
«Ինչո՞ւ այսքան տարի չի բացահայտվում տղայիս սպանությունը, ինչո՞ւ գործով քննիչները, որ սխալ քննություն են վարում, չեն պատժվում». զինվորական դատախազության ներկայացուցչին հարց ուղղեցին 2007-ին Վարդենիսի զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի ծնողները:
Զինվորական դատախազության ներկայացուցիչ Արտակ Հարությունյանն ասաց, որ գործը պրոբլեմային է, կան հակասություններ, եւ դրա համար էլ նախաքննությունը շարունակվում է, այլապես գործը կարճելու որոշում կկայացվեր:
«Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքներին: Նախնական պաշտոնական վարկածի համաձայնՙ Օհանջանյանը հպվել է ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել: Սակայն անկախ դատաբժշկական փորձագիտության եզրակացության համաձայնՙ Տիգրանի մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Նրանց եզրակացությամբ` Տիգրանին հոսանքալարով խեղդել են:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ու Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բարձրացրին պաշտոնյաների որդիների` բանակում ծառայելու հարցը: Իշխանյանը ցանկացավ տեսնել ցուցակը, որտեղ գրված կլինի, թե որ պաշտոնյայի որդին որ զորամասում է ծառայում, Ջամալյանն էլ հավելեց, որ այդ կերպ պետք է պահպանվի արդարության եւ հավասարության սկզբունքը:
Ըստ «Ազգ» օրաթերթի:

No comments: