Tuesday, September 13, 2011

Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշում կլինի 44-րդը

Ինչպես հայտնի է, ամեն ամիս ՖԻՖԱ-ն հրապարակում է ազգային հավաքականների վարկանիշը։ Վերջին պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 21-ին, սակայն այժմ արդեն հայտնի է, որ Հայաստանը զբաղեցնելու է 44-րդ հորիզոնականը։
www.football-rankings.info կայքի տեղեկացմամբ՝ Հայաստանի հավաքականի արտագնա հաղթանակները Անդորրայի և Սլովակիայի հանդեպ 157 վարկանիշային միավոր են պարգևել մեր թիմին, ինչը 27 հորիզոնականով կբարելավի Հայաստանի դիրքը։ Այժմ մեր հավաքականը 71-րդ տեղում է։ Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մեր հավաքականը կհայտնվի թոփ-50-ում և կգրավի նման բարձր հորիզոնական։
«Եվրո-2012»-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից ամենաբարձր վարկանիշը կունենա Ռուսաստանը (13): Իռլանդիան երկու հորիզոնականով կբարձրանա և կլինի 29-րդը։ Սլովակիան կկորցնի 13 հորիզոնական և կլինի 39-րդը։ Իսկ Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականները կհայտնվեն համապատասխանաբար 94-րդ և 203-րդ տեղերում։ Վարկանիշային աղյուսակի առաջատարը ևս կփոխվի։ Իսպանիան կշրջանցի Հոլանդիային և կգլխավորի աղյուսակը։

No comments: