Tuesday, September 13, 2011

Թուրքիան նավեր է ուղարկելու Իսրայելի ափերի մոտ

News.am. 12-9-2011- Թուրքիան երեք ռազմանավ է ուղարկելու արեւելյան Միջերկրածովի շրջան: Նման տեղեկություն է տարածել The Jerusalem Post-ը:
Նավերը չեզոք ջրերում ուղեկցելու են Գազայի հատված ուղեւորվող եւ մարդասիրական օգնություն տեղափոխող նավերին: Ընդ որում, նրանք չեն ծրագրում մտնել Իսրայելի տարածքային ջրեր:
Ավելի վաղ թուրքական Anadolu գործակալությունը հատվածներ էր հաղորդել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցից, որում Թուրքիայի վարչապետն ասել էր, թե «Ազատության նավատորմի» վրա իսրայելական հատուկ նշանակության ուժերի գրոհը պատերազմի պատրվակ էր, սակայն այս ողջ ընթացքում Թուրքիան համբերություն է դրսեւորել:
Էրդողանի կարծիքով, Իսրայելն իր քաղաքական նպատակների համար է փչացրել Թուրքիայի հետ հարաբերությունները: «Սակայն արդյունքում նա մեկուսացրեց իրեն: Այժմ Արեւմուտքն այլ վերաբերմունք ունի Իսրայելի հանդեպ»,- ասել է Էրդողանը եւ հավելել, որ Թուրքիան մտադիր է հետագայում համընդգրկուն իրավական աջակցություն ցույց տալ «Գազայի հատվածի եղբայրներին»:

No comments: