Tuesday, September 13, 2011

Հաքերական պատերազմում Հայաստանի ռազմավարությունն առավել պաշտպանական է

Tert.am. 12-9-2011- Հաքերական հարձակումները հայաստանյան կայքերի վրա շատանում են հատկապես ազգային-պետական տոներից առաջ, սակայն դրա պատճառը նաև մեր խոցելիությունն է։ Այս մասին «Ազդարար»-ի հետ զրույցում նշել են տեղեկատվական անվտանգության մասնագետները։ Ոլորտի մասնագետ Սամվել Մաչալյանն ասել է, որ մեզ մոտ կայքերն առավել բաց են՝ «պրոբլեմատիկ», դրա պատճառով էլ հարձակումները շատ են լինում։
Թուրք և ադրբեջանցի հաքերների շրջանում ամենապահանջվածը ՀՀ նախագահի կայքն է, այստեղ հարձակումների պակաս չկա, բայց դրանք միշտ ավարտվում են անհաջողությամբ։ Թիրախում են նաև այլ պաշտոնյաների կայքերը։ «Պետական կայքերի մեծ մասն այսօր պաշտպանված է,- հավաստել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։- Ամենախայտառակ բանն այն էր, որ պետական կայքերի մի ստված հատված կոտրվում էր մի քանի օրվա ընթացքում ադրբեջանցիների և թուրքերի կողմից»։
Հաքերական պատերազմում Հայաստանն առավելապես պաշտպանական ռազմավարություն է կիրառում. «Մենք չարաճճիություն չենք անում՝ ասենք ինչ-որ նկար դնել կամ հայկական դրոշ բաց անել (չնայած նման բաներ էլ են նկատվել)։ Մերոնք ավելի լավ բաներով են զբաղված. մեկ-մեկ առանձին են գործում, մեկ-մեկ՝ միասին»,- նշում է մասնագետը՝ հավելելով, որ Հայաստանից «ոչ ոք չի երջանկանում մի կես ժամով ինչ-որ կայք անիմաստ կոտրելով»։
Հաքերներին նաև դիմում են անվտանգության բացթողումները գտնելու համար. երրորդ աչքը թերություններն ու թույլ կետերն առավել լավ է տեսնում։ «Դա այն է, երբ պայմանագրային հիմունքներով հարձակում է կատարվում հաճախորդ կազմակերպության կայքի վրա, և հայտաբերելով թերությունները՝ հաղորդվում է հաճախորդ կազմակերպությանը»,- բացատրել է մասնագետը։ Այս գործելաոճը Հայաստանում դեռ տարածված չէ, սակայն մի շարք երկրներում դրա արդյունավետությունն արդեն հաստատում են։
Բացի հաքերականից կան նաև խուլիգանական հարձակումներ. Դրանց նպատակը միայն արածով միմյանց մոտ պարծենալն է։ Կայքերը որոշ ժամանակ անց վերականգնվում են։
Բացի կայքերից, կոտրվում են նաև անձնական էլեկտրոնային փոստարկղերը։ Հաճախ դա հնարավոր է դառնում մարդու անլրջության պատճառով։ Գաղտնաբառը, ստուգիչ հարցերին հնչեցրած պարզ պատասխանները հաքերին բարի գալուստ ասելու հիմքն են։ Ըստ մասնագետի՝ Հայաստանում առավել տարածված էլեկտրոնային փոստատներից առավել խոցելին mail.ru-ն է։

No comments: