Tuesday, September 20, 2011

Դատախազը Դինքի սպանության գործով ցմահ ազատազրկում է պահանջել 7 հոգու համար

Ստամբուլի դատախազը երեկ ցմահ ազատազրկում է պահանջել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ամբաստանյալներից 7-ի, այդ թվում սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Յասին Հայալի եւ Էրհան Թունջելի համար:
Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունը, գերագույն քրեական դատարանի լսումների ժամանակ դատախազը մեղադրել է ամբաստանյալներին ուժի եւ բռնության կիրառման միջոցով ժողովրդավարական կարգը տապալելու փորձի մեջ: Դատախազը հղում է արել երկրի Քրեական օրենսգրքի 309 հոդվածին, որը վերաբերում է Սահմանադրության դեմ հանցագործություններին:
Մեղադրողը հայտարարել է նաեւ, որ հայազգի խմբագրի սպանությունը «Էրգենեկոն» խմբավորման` Տրապիզոնում գործող անդամների ձեռքի գործն է:
Դինքի սպանության գործով դատարանի առջեւ կանգնած շուրջ երկու տասնյակ անձանց ճնշող մեծամասնությունը տրապիզոնցի ազգայնականներ են:
Այս տարվա հուլիսին թուրքական դատարանը մոտ 23 տարվա ազատազրկման դատապարտեց Դինքի սպանության անմիջական կատարման համար մեղադրվող Օգյուն Սամասթին, ինչը Թուրքիայում ամենախիստ պատիժն է անչափահասների համար. սպանությունը կատարելիս` 2007 թվականի հունվարի 19-ին, Սամասթը դեռ 18 տարեկան չկար:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի:

No comments: