Tuesday, September 6, 2011

Ադրբեջանի բանակի բարձրաստիճան հրամանատարության 90 տոկոսը ադրբեջանցի թուրքեր չեն

News.am. 6-9-2011- Ադրբեջանի ռազմական ակադեմիայի զինվորները կրկին նամակով դիմել են ադրբեջանական «Մուսավաթ» թերթին` հերթական անգամ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի «հակաթուրքական» գործողություններին:
«Մուսավաթ»-ին ուղղված նամակում մասնավորապես նշված է. «Ձեր թերթին դիմելուց հետո Սաֆար Աբիեւն ուղղվելու փոխարեն, ընդհակառակը` էլ ավելի ագրեսիվ է դարձել եւ բռնություններ է կիրառում Ադրբեջանի թուրքերի նկատմամբ: Նա արդեն կարգադրել է գեներալներ Մեմեդ Բեյդուլաեւին, Ռաուֆ Քիշիեւին, Վագիֆ Մեմեդովին` կամպանիա սկսել ռազմաճակատում ծառայություն անցած եւ ռազմական ակադեմիայում դասավանդող Ադրբեջանի թուրքերի դեմ: Եթե ուսումնասիրեք Գլխավոր ռազմական ակադեմիայի եւ Գլխավոր ռազմական դպրոցի այս տարի ընդունվածների էթնիկ կազմը, ապա կսկեք խղճալ Ադրբեջանի թուրքերին: Մասնագետների 70 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Դա Սաֆար Աբիեւի «իմաստուն», «հեռատես» շովինիստական քաղաքականության դրսեւորումներից է: Ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության ապագայի համար»:
Ռազմական ակադեմիայի սպաները նամակում ներկայացրել են նաեւ իրենց պահանջները, որոնց չիրագործման դեպքում սպառնում են դասադուլ սկսել: Նրանք մասնավորապես պահանջում են «կաշառակեր» Չինգիզ Շեշիեւի, «անգրագետ, կոնյակի եւ ձկան շնորհիվ Ռուսաստանի ռազմական ակադեմիան ավարտած» Նեջեֆ Գեմբերովի հեռացումը: Սպաները նաեւ նշում են. «Որոշ ժամանակ առաջ ներկայացվել են Ադրբեջանում անցկացված մարդահամարի վերջին տվյալները: Այդ տվյալներով, Ադրբեջանի թուրքերը կազմում են բնակչության 92 տոկոսը, իսկ ազգային փոքրամասնությունները` 8 տոկոսը: Թաթերը, լեզգիները, թալիշները միասին կազմում են ընդհանուր բնակչության 2.8 տոկոսը: Այդ հանգամանքներում անհասկանելի է, թե ինչպես է բանակի բարձրաստիճան հրամանատարության 90 տոկոսը բաղկացած թաթերից, լեզգիներից եւ թալիշներից»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի ռազմական ակադեմիայի սպաները արտահայտում են իրենց անհանդուրժողականությունը ռազմական ոլորտում էթնիկ փոքրամասնությունների զբաղեցրած դիրքի եւ ստանձնած պաշտոնների հանդեպ: Այսպես, որոշ ժամանակ առաջ «Մուսավաթ»-ին ուղարկված մեկ այլ նամակում ադրբեջանցի սպաները դժգոհություն էին հայտնել ակադեմիայում այլազգիների (թաթ, լեզգի, թալիշ) ներկայության հանգամանքից` համարելով դա սպառնալիք Ադրբեջանի անվտանգությանը: «Տեսեք ովքեր են ղեկավարում մեր ակադեմիան. ակադեմիայի ղեկավարը Սաֆար Աբիեւի ուսանողական ընկերն է` իր մութ գործերով հայտնի Նեջեֆ Գեմբերովը: Նրա կինը ազգությամբ հայ է: Ն.Գեմբերովի տեղակալ Ռամալդանով Շաիրը ազգությամբ լեզգի է, զբաղվում է բիզնեսով: Այդ մարդիկ ինչպե՞ս կարող են հայրանասերություն սովորեցնել: ՊՆ-ի կենտրոնական ապարատում պաշտոններ զբաղեցնող գեներալներից եւ գնդապետներից ոչ մեկն Ադրբեջանի թուրք չէ, նրանք թաթեր, լեզգիներ ու թալիշներ են: Այդ երեք ազգության ներկայացուցիչները գերակա դիրքեր են զբաղեցնում ՊՆ-ի ղեկավար օղակներում»,- նշված էր նամակում:

No comments: