Tuesday, September 13, 2011

Ռիկիարդոնեն սխալ թեկնածու է. ANCA-ն պնդում է իրենը

Panorama.am. 13-9-2011- Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նիստում նախատեսված է, որ պետք է քվեարկության դրվի Թուրքիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջադրած թեկնածու Ֆրենսիս Ռիկիարդոնեի (Francis Ricciardone) թեկնածությունը:
«ԱՄՆ դեսպանի թեկնածուն իր պատասխաններում բազմիցս խեղաթյուրելով փաստերը ապացուցել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար սխալ թեկնածու է», -հայտարարում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Այլ թեկնածուների հետ միասին, վաղը հանձնախմբի նիստում քվեարկության կդրվի նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Օբամայի առաջադրած թեկնածու Ջոն Հեֆֆերնի (John Heffern) թեկնածության հարցը:
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսին ուղղված իր գրավոր պատասխան նամակի մեջ Ֆրենսիս Ռիկիարդոնեն նշել էր, որ Թուրքիայում մինչև 1915 թվականը գոյություն ունեցած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասն այժմ էլ գործում է: «Այդպիսով, Ռիկիարդոնեն միտումնավոր խեղաթյուրել է պատմական փաստերը, որպեսզի համապատասխանի Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականությանը», -հայտարարել էր Ամերիկայի հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը` կարծիք հայտնելով, որ Ռիկիարդոնեն ի վիճակի չէ Թուրքիայում արդյունավետ կերպով պաշտպանել ամերիկյան շահերը կամ արժեքները։
Որոշ ժամանակ անց ANCA-ի ճնշմամբ Ռիկիարդոնեն ուղղել էր գործած սխալը և նամակով հայտնել. «Ձեր թույլտվությամբ, ես կօգտագործեմ հնարավորությունը և կուղղեմ սխալը: Ճիշտ տարբերակը պետք է լիներ հատևյալը` մինչև 1915 թվականը գործող քրիստոնեական եկեղեցիները այժմ այլևս չեն գործում որպես եկեղեցիներ»:
Պատմական գրառումները ցույց են տալիս, որ 1915 թվականին ժամանակակից Թուրքիայի տարածքում գործել են ավելի քան 2000 եկեղեցիներ, մինչդեռ այժմ այդտեղ գործող եկեղեցիների քանակը չի հասնում 50-ի։

No comments: