Saturday, September 3, 2011

Իլհամ Ալիեւի աղջկան թագավորական հարսանիք է սպասվում. Ահա թե ուր են գնում Ադրբեջանի փողերը

News.am. 3-9-2011- Ադրբեջանում ակտիվ պատրաստություններ են ընթանում նախագահ Իլհամ Ալիեւի փոքր դստեր` Արզու Ալիեւայի հարսանեկան արարողության առթիվ, այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ»-ը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները: Մեծ քանակությամբ միջոցներ են ծախսվում հարսանեկան արարողության համար: Ամբողջ սպասքը ճենապակուց է լինելու, կշռելու է 10 տոննա, միայն դրա վրա ծախսվել է 500 հազար մանաթ (625 հազար դոլար), գրում է «Ազադլըգ»-ը:
Աղբյուրը հայտնում է, որ հարսանեկան արարողության համար Ռուսաստանից հատուկ «Ռոլս-Ռոյս» մակնիշի ավտոմեքենաներ են բերվում, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 1 միլիոն մանաթ (1 միլիոն 250 հազար դոլար): Նշենք, որ հարսանիքը տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին: Արզու Ալիեւան ամուսնանում է Ռուսաստանում հայտնի ադրբեջանցի գործարար Այդըն Գուրբանովի (նա 2003 թ.-ին մահացել է) որդու` Սեմեդ Գուրբանովի հետ:
Ուշագրավ է, որ իրենց ռազմական բյուջեով հպարտացող ադրբեջանական իշխանություններն իրենց գործողություններով ապացուցում են, որ հսկայական նավթադոլարները գերազանցապես ծախսվում են ոչ թե սեփական ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, այլ սեփական կարիքների եւ հաճույքների բավարարման նպատակով:
Ադրբեջանական մամուլը հատկապես քննադատում է բանակում տիրող իրադրությունը, առկա կաշառակերության մթնոլորտը եւ բազում օրինախախտումները: Միջազգային մամուլն, իր հերթին, բազմիցս արձանագրում է Ադրբեջանում բռնապետական վարչակարգի առկայության, մարդու իրավուքների խախտման եւ ազատ հանրահավաքների անցկացման հանդեպ իշխանությունների կողմից ստեղծված արգելքների մասին: Իսկ նախագահ Իլհամ Ալիեւի «բռնապետի» իմիջը վերջանականապես ձեւավորվեց այն բանից հետո, երբ 2011 թ. մարտի 18-ին նա հանրաքվեի միջոցով փոփոխություններ մտցրեց Ադրբեջանի Սահմանադրության մեջ:

Կատարված փոփոխությունների փաթեթում առանցքային էր նախագահի պաշտոնում վերընտրվելու ժամկետների վերաբերյալ արգելքի վերացումը: Այսուհետ նախագահը կարող է շարունակաբար վերընտրվել, իսկ Ադրբեջանում տիրող կարծրացած համակարգը հնարավորություն է տալիս Ալիեւին դառալ ցմահ նախագահ, որից հետո «գահն», ամենայն հավանականությամբ, կժառանգվի իր սերունդներին:

Պատրաստեց Տաթեւիկ Հայրապետյանը

No comments: