Friday, September 30, 2011

Եթե Քիմը դառնար նախարար

«Լրագիր» 30-9-2011- Հայաստանի Անկախության 20-ամյակի տոնակատարության օրերին Երեւանում անցկացվեց նաեւ Հայաստան-Սփյուռք համաժողով: Այդ համաժողովի ընթացքում Ազատություն ռադիոկայանի ձայնագրիչը “որսացել” էր այն պահը, երբ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ականավոր սփյուռքահայ Արա Աբրահամյանին համեստորեն հայտնում էր, որ Վարդան Օսկանյանը նախորդ համաժողովի համար 70 միլիոն դրամ էր ծախսել, իսկ ինքը այս համաժողովն արել է 12 միլիոն դրամով:
Իհարկե Հրանուշ Հակոբյանի տնտեսվարությունն իսկապես շատ լավ ցուցանիշ է արձանագրել, առավել եւս եթե նկատի ունենանք, որ Հայաստանում տարեցտարի ամեն ինչ թանկանում է:
Բայց խնայողության կապակցությամբ թերեւս կարելի է հասնել ավելիին, եւ նույնիսկ անել այնպես, որ Հայաստան-սփյուռք համաժողովները սկսեն նույնիսկ կոնկրետ շահույթ բերել կազմակերպիչներին: Դրա համար պարզապես անհրաժեշտ է այդ համաժողովներին հրավիրել նաեւ հայտնի մոդել Քիմ Քարդաշյանին: Նա ոչ միայն պարզապես սփյուռքահայ է, այլ նաեւ բավական մեծ պոտենցիալ կրող սփյուռքահայ: Խոսքը նրա մոդելային կամ էրոպոտենցիալի մասին չէ, այլ թեկուզ հենց դիվանագիտական: Օրինակ, Ցեղասպանությունը ճանաչելու մասին Քիմի Twitter-յան մի կոչը ավելի մեծ թվով մարդկանց ուշադրություն է գրավում, քան ասենք հայկական լոբբիստական կազմակերպությունների տքնաջան աշխատանքը աշխարհով մեկ: Այնպես որ, Քիմի ներուժը պետք է անպայման օգտագործել թե արտաքին քաղաքականության, թե Հայաստան-սփյուռք համաժողովների կազմակերպման հարցում:
Հրանուշ Հակոբյանը անցած համաժողովին միտք էր հայտնել նաեւ, թե ուզում է հաջորդ համաժողովն էլ ավելի բազմամարդ դարձնել: Այդ նպատակը կարելի է իրագործված համարել, եթե հրավիրեն Քիմին: Քիմին բերեք, մյուսները կգան իրենք իրենց, առանց հրավերի սպասելու: Այդպիսով կապահովվի նաեւ խնայողությունը, եւ նույնիսկ շահույթը: Սփյուռքահայերը Քիմին մոտիկից տեսնելու եւ նրա հետ շփվելու համար ամենայն հավանականությամբ ոչ միայն պատրաստ կլինեն ոչինչ չխնայել ճանապարհածախսի եւ հայրենիքում ամեն ինչ իրենց հաշվին կազմակերպելու համար, այլ չեն զլանա նաեւ տոմս գնել, եթե համաժողովը դառնա տոմսով: Իսկ թե Քիմը հրավիրվի, համաժողովն անկասկած պետք է տոմսով դարձնել:
Ավելին, միգուցե հնարավոր լինի շահույթ ստանալ ոչ միայն տոմսերի վաճառքից, այլ նաեւ համաժողովի հեռուստահեռարձակումից, որովհետեւ համաշխարհային հեղնակություն վայելող ժամանցային հեռուստաալիքներն անկասկած պատրաստ կլինեն հանուն Քիմի զգալի փողեր վճարել Հայաստան-սփյուռք համաժողովը հեռարձակելու համար:
Այնպես որ, մեգախնդիրներ դնելիս պետք է նաեւ մեգաաստղեր ապահովել: Դե իսկ թե ինչ կկատարվի, եթե օրինակ Հրանուշ Հակոբյանն իր նախարարական տեղը զիջի Քիմին, հանուն Հայրենիք-սփյուռք կապի, թերեւս դժվար է երեւակայել, ու ընդամենը պետք է ասել, որ այդ դեպքում հայկական աշխարհի դեմ խաղ չի լինի:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: