Friday, September 30, 2011

ԷՎԱՆՍԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ Է ՀՆՉԵՑՐԵԼ

«ԱԶԳ, 30-09-2011- Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում իր հյուր լինելու երկրորդ մասի ժամանակ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը մի շարք հետաքրքրական պատասխաններ տվեց դահլիճից եւ ինտերնետով հնչած հարցերին: Հայաստանի ժողովրդավարությունը 1-10 սանդղակով նա գնահատեց 2,6 միավոր, բայց եւ խորհուրդ տվեց այդ առումով օգտվել կամ նայել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գնահատականները` տնտեսական ազատություններով Հայաստանը համապատասխանում է աշխարհում ընդունելի չափանիշներին, սակայն 2006 թվականից հետո նահանջ կա արդարացի կառավարում չափանիշից, եւ հենց այդ պատճառով է այդ ծրագրի վերջին հատկացումն առկախվել: Մամուլի այն հրապարակմանը, որ իբր Էվանսին Ռոբերտ Քոչարյանը խնդրել է Նահանգներում իր կապերն օգտագործել եւ օգնել Քոչարյանին` իշխանության վերադառնալու հարցում, բնականաբար Էվանսը ճշտեց, թե այդպիսի խնդրանք եղել է: Մեկնաբանելով ժամանակին դեսպանի պաշտոնից իր հեռանալու խնդիրը` Էվանսը նախ նշեց, որ այդ բոլորի մասին շուտով նոր լույս տեսնելիք իր գրքում հնարավոր կլինի ընթերցել, միաժամանակ չխուսափեց ասել, որ երբ 2005-ին Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ իրերն իր անունով է կոչել, գիտեր, որ բացասական հետեւանքներ կլինեն, բայց չգիտեր` գլո՞ւխն են կտրելու, թե՞ ձեռքը. ընտրվել է միջանկյալ տարբերակը` 18 ամիս պահել են, իսկ հետո, երբ Բուշը իր հաջորդին է նշանակել, Էվանսը հասկացել է, որ իրերը հավաքելու ժամանակն է: Բայց իր համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունն ասելու այլընտրանք չի եղել, ու Էվանսն էլ չի ափսոսում կամ զղջում դրա համար:
«Ազգի» հարցը վերաբերում էր Պուտինի եւ Մեդվեդեւի փոխատեղմանը: Էվանսը նշեց, որ իր համար այդ իրավիճակը լիովին կանխատեսելի էր, երեք տարի առաջ էր դեռ կանխատեսել նման սցենարը, նշելով, սակայն, որ հայերս, որպես շախմատ խաղացող, պետք է գլխի ընկնենք, թե այդ մանեւրը ինչ է նշանակում: Բայց ամերիկացիների համար, որոնցից միայն Բոբի Ֆիշերն էր շախմատ խաղում, բավական տարօրինակ մանեւր է տեղի ունեցածը: Նա նաեւ հիշեց, որ ինքը շատ լավ գիտի այդ մարդկանց, քանի որ Ռուսաստանում ժամանակին հյուպատոս էր, այդ մարդիկ Պետերբուրգի թիմի ներկայացուցիչ են, բայց եւ նշեց, որ ինքը իր հյուպատոս եղած ժամանակ չէր պատկերացնի, թե նրանք առաջնորդելու են Ռուսաստանը:
Անդրադարձ անելով հայ-թուրքական արձանագրություններին` Էվանսը նկատեց, որ եթե մտածեին, թե գործընթացը ձախողվելու է, չէին էլ սկսի: Այդ կարգի թնջուկները լուծելու համար պետք է փոքր քայլերով առաջ գնալ, քանի որ դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, մինչդեռ երկու կողմից ափսեի վրա մեծ չափաբաժիններ դրվեցին. հեշտն այն կլիներ, որ այդ հարցերը մեկիկ-մեկիկ լուծումներ ստանային կամ քննարկվեին: Մի խոսքով` կողմերը շատ են կերել, ու նրանց փորը ցավում է, եզրակացրեց հանդիպումը վարող Արամ Աբրահամյանը` հետաքրքրվելով, թե արդյո՞ք պետք է սպասել, մինչեւ դիմացինը սովածանա: Էվանսը պատասխանեց, որ հիմա կողմերը խորհրդարանական գործընթացի են սպասում, քանի որ նորից զրոյական վիճակի դառնալը կամ նույն գետը երկրորդ անգամ մտնելը հնարավոր չէ: Բայց եւ` ո՛չ պետք է անտեսել թուրքերի` արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու փաստը, ո՛չ էլ շատ ոգեւորվել:
ԼՂ հարցի կարգավորումը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մրցակցության օբյեկտ դիտարկող հարցին ի պատասխան էլ հակադարձեց. «Այդպիսի բան չկա, այդ հարցում համագործակցություն է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ»: Ընդհանրապես, ըստ նրա, միջնորդ երեք երկրների միջեւ միշտ էլ շատ լավ համագործակցություն է եղել, անգամ երբեմն` գերազանց, եւ դա շարունակվում է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: