Tuesday, September 27, 2011

«Իրան» հանրագիտարանի շնորհանդեսը ՀՀ դեսպանատնում

Մոտ 900 էջ պարունակող նկարազարդ գիրքը երեւի լրիվ նորություն է հայ ընթերցողի համար:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 27.09.2011: Երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետության դեսպանատնում կայացավ դեսպանորդ Գառնիկ Բադալյանի գրչին պատկանող «Իրան» գիրք-հանրագիտարանի շնորհանդեսը:
ՀՀ անկախության 20-ամյակի ձեռնարկների շարքում կայացող այս շնորհանդեսն, ուր ներկա էին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, առաջնորդի օգնական Տ. Մակար վրդ. Աշքարյանը, դեսպանատան կազմը, ԻԻՀ Խորհրդարանում նախկին եւ նոր պատգամավորներ Վարդան Վարդանյանը, Արտավազդ Բաղումյանը, Ռոբերտ Բեգլարյանը, հայագիր պարսիկ գրող բանաստեղծ Ահմադ Նուրիզադեն, արվեստագետ Ժանետ Լազարյանը, «Արաքս» եւ «Յոյս» թերթերի խմբագիրները, միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ, դեսպան Գրիգոր Առաքելյանը համարեց կարեւոր նամանավանդ, որ այն ավելի է ծանոթացնում երկու հարեւան եւ բարեկամ երկրների ժողովուրդներին:
Պրն. Դեսպանը բարձր գնահատելով տարված աշխատանքը, հեղինակին մաղթեց էլ ավելի եռանդ քաղաքական եւ գրական իր գործունեությունը շարունակելու համար:
Այնուհետեւ իր շնորհակալական խոսքն ասաց Գառնիկ Բադալյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ պատրաստ է նման մի հանրագիտարան կազմելու նաեւ Հայաստանի վերաբերյալ, պարսկերեն լեզվով, որի համար խնդրեց իրանահայ մամուլի եւ մտավորականության աջակցությունը:

No comments: