Tuesday, September 6, 2011

Եթե Ալիևը մասնակցեր ԱՊՀ գագաթնաժողովին, միջազգային սկանդալ էր լինելու. «Մոսկովսկիե նովոստի»

Tert.am. 6-9-2011- Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, հնարավոր չէր լինելու խուսափել միջազգային սկանդալից։ Այս մասին գրում է «Մոսկովսկիե նովոստի» պարբերականը՝ անդրադառնալով օրեր առաջ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նախագահների հանդիպմանը։
«ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովի հաջողությանն ամենևին էլ չխանգարեց Ադրբեջանի, Ուզբեկստանի և Բելառուսի նախագահների բացակայությունը։ Բաքվից դեռևս շաբաթներ առաջ տեղեկացրել էին, որ Իլհամ Ալիևը չի կարող ժամանել Դուշանբե։ Դրա պատճառը ոչ պաշտոնապես մեկնաբանվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությամբ, որն անհնարին էր դարձնում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հնարավոր հանդիպումը։ Սակայն գագաթնաժողովի մեկնարկից օրեր առաջ Իլհամ Ալիևը զանգահարել է Տաջիկստանի նախագահին և ևս մեկ անգամ ներողություն խնդրելով՝ բացատրել, որ հենց այդ օրերին ամուսնացնելու է իր դստերը»,– գրում է թերթը՝ շարունակելով. «Սակայն, հավանաբար, ավելի լավ եղավ, որ Ալիևը չմասնակցեց Դուշանբեի գագաթնաժողովին։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինելու խուսափել միջազգային սկանդալից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի կտրուկ ելույթի պատճառով»։
«Մոսկովսկիե նովոստին» ընդգծում է, որ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ադրբեջանական պատվիրակության նախագահ, վարչապետ Արթուր Ռասիզադեն երկրորդ անգամ խոսք վերցրեց՝ «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը» ընդգծելու համար։
Պարբերականը նշում է նաև, որ ԱՊՀ–ի «պատրիարքներից» Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ գագաթնաժողովի արդյունքները ամփոփելուց րոպեներ անց Ադրբեջանի վարչապետը հեգնել է՝ ասելով. «Կարո՞ղ է՝ էնպես լինի, հենց այստեղ՝ երկրների նախագահների հոբելյանական գագաթնաժողովին քվեարկության դրվի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը»։

No comments: