Tuesday, September 6, 2011

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին թուրքական մամուլում է

News.am. 6-9-2011- Թուրքիայի կողմից Իսրայելի նկատմամբ կիրառվող վերաբերմունքը պատճառ է դարձել, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր արվեն։ Այս մասին գրում է թուրքական Haberturk-ը։
Թուրքական պարբերականը հիշատակում է իսրայելցի պատգամավոր Արյե Էլդադի խոսքերը, ով նշել էր, թե Թուրքիան իսրայելցի դիվանագետներին արտաքսելու համար պատասխան է տալու։
Նշվում է նաեւ, որ Արյել Էլդադն ասել է, թե խորհրդարանական աշխատանքներն սկսելուն պես օրակարգ է ներառվելու Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ։
Այս կարգի տեղեկություններ են հրապարակել թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ պնդելով, որ հայկական Սփյուռքը հուսով է, թե Իրսայելը որպես պատասխան կընդունի Հայոց ցեղասպանությունը։
Նշենք, որ «Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ հայտարարելով, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվում են 2-րդ կարգի քարտուղարի մակարդակի եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող դիվանագիտական անձնակազմը կվերադառնա Թուրքիա։
Թուրք նախարարը շեշտել է, թե Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են։

No comments: