Wednesday, September 7, 2011

«ԱՂԱՆԴՆԵՐԸ ԹՈՒՅՆ ՈՒ ԹԱՐԱԽ ԵՆ ՇՆՉՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՆԴԵՊ»

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 07-09-2011- 1991-ին «Խղճի կրոնի եւ կրոնական կազմակերպությունների մասին» ընդունված օրենքն առաջավոր էր այն ժամանակվա համար: Սակայն ժամանակները փոխվեցին, այլ են միջազգային պարտավորություններն, ու օրենքի փոփոխության կարիք զգացվեց: Սա «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի տեսակետն է: Սեղանին դրված է օրենքի փոփոխության երեք նախագիծ, որոնք «աննախադեպ իրավիճակ են ստեղծել», քանի որ առաջին երկու նախագծերը Վենետիկի հանձնաժողովում սուր քննադատության են արժանացել: Թեպետ երրորդ նախագիծը Վենետիկի հանձնաժողովում որոշակի առաջընթաց է գրանցել, սակայն Դանիելյանը վստահ է` նախագիծը կրկին խնդիրներ կհարուցի` կապված հոգեորսության սահմանման կամ ձեւակերպման հետ, կրոնական կազմակերպությունների պարտադիր գրանցման դրանց գործունեության ազդեցության ձեւակերպումների հետ:
Օրենքում նշված է, որ հոգեորսության դեպքում, որպեսզի կրոնափոխ լինի, բացի ֆիզիկական ներգործությունից, կիրառվում է նաեւ հոգեբանական բռնություն, ինչը պատժելի է: Դանիելյանին անհասկանալի է, թե ինչ է նշանակում հոգեբանական ներգործություն ասվածը: «Ինչպե՞ս կարող ես ապացուցել, միգուցե գործում է, միգուցե չի գործում: Հաշվի առնելով մեր դատարանների որակը, շատ դժվար է մեծ հայեցողական մոտեցումների հնարավորություն տալ»:
«Հայելի» ակումբում հյուրընկալված Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ հոգեւորականների համար շատ հստակ է հոգեորսության բացատրությունը: «Նրանք, ովքեր բռնի հոգեբանական, նյութական, վարչական հիմքերի հիման վրա իրենց համոզմունքն ու կրոնն են տարածում, հոգեորսություն են իրականացնում: Եթե հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները գնան եզդիական համայնք եւ նրանց սոցիալական պայմաններից, մտավոր կարողություններից օգտվելով քարոզներ կարդան` հոգեորսություն է»:
Դանիելյանը չի ընկալում կրոնական կազմակերպությունների նկատմամբ թշնամանք տարածելու վերաբերյալ ձեւակերպումը: Նրա գնահատմամբ` հայ դասականներից շատերը` Րաֆֆին, Թումանյանը, թշնամական վերաբերմունք են ունեցել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, եւ եթե օրենքն ընդունվի, ապա նրանց ստեղծագործությունները չպետք է դասավանդվեն: Սրբազանն ուղղեց, որ հայ դասականների վերաբերմունքը ոչ թե թշնամական էր, այլ քննադատական: Բացի այդ, աղանդավորական կազմակերպությունները, իրոք, որոշակի թշնամանք ունեն Հայ առաքելական եկեղեցու հանդեպ: «Նրանք թույն ու թարախ են շնչում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»: Դանիելյանի համոզմամբ` կրոնի վերահսկողությունն անձի կյանքի վրա պետք է թուլանա: Սրբազանը նրան կրկին ուղղեց: Ոչ թե կրոնի վերահսկողությունը, այլ կրոնական կազմակերպության. «Հայ առաքելական եկեղեցին դեմ է արհեստական վիժեցման գաղափարին, սակայն Հայ առաքելական եկեղեցու սպասավորները չեն մտնում ամեն մեկի ընտանիք ու պարտադրում իր տեսակետը»:
Դանիելյանին անհասկանալի է նաեւ կրոնական կազմակերպությունների գրանցման, վերահսկման վերաբերյալ օրենքի կետը: Նա դրական չի համարում, որ բոլոր կազմակերպությունները պետք է գրանցվեն: «Իսկ ինչո՞ւ չպետք է գրանցվեն: Հայ առաքելական եկեղեցին էլ է գրանցված, թեպետ 1700 տարի առանց գրանցման եղել է հայ ժողովրդի կողքին», հարցրեց սրբազանը, որին Դանիելյանը պատասխանեց լռությամբ:
Սրբազանը հավելում է, որ ազգային ու կրոնական միասնականությունն անհրաժեշտ է պետության կայացման համար: Նա հիշեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որ վաճառեց Անին, եւ ում ժողովուրդը անվանում է թշնամի: «Մի՞թե այսօր նույն բանը չի կատարվում: Այն ժամանակը Գետադարձը վաճառեց Անին Բյուզանդական կայսրությանը, որ իբր երկրի համար լավ լիներ, այն ժամանակ Գետադարձն էր ցանկանում ինտեգրվել Բյուզանդիային, հիմա էլ ցանկանում են ինտեգրվել Եվրոմիությանը, ինչ է թեՙ լավ ապագա է լինելու»:
Դանիելյանն էլ ասաց, որ չինտեգրվելու դեպքում Հայաստանին չեն տրամադրի վարկեր ու կասենՙ «Ղարաբաղի հարցով մեր մոտ չլացեք, գնացեք ինքներդ լուծեք»:
Սրբազանն էլ հավելեց, որ Վրաստանը չի հարգում իր երկրի ազգային ու կրոնական փոքրամասնություններին, սակայն ստանում է գրանտներ: Հունաստանը միակ պետական կրոն է հռչակել հույն ուղղափառ եկեղեցին, սակայն Եվրոմիության կազմում է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: