Wednesday, September 14, 2011

ԲԵՐՔԹԱՅԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«ԱԶԳ», 14-09-2011- Կարեւորը, սակայն, հավաստիացման համադրումն է ցեղասպանության հարցում հայերին աջակցելու Լիբերմանի պատրաստակամության հետ
Երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը թուրքական նախապայմանների պատճառով վերադարձավ ելման կետ, որոնցից էր Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը համատեղ հանձնաժողովում, «Վիկիլիքսը» հրապարակեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի գաղտնի հաղորդագրությունը:
Օգոստոսի 30-ին «Վիկիլիքսի» կայքէջում տեղադրված այդ հաղորդագրության հեղինակը, ինչպես սեպտեմբերի 12-ի համարում նշում է «Հյուրիեթը», Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Դեւիդ Արնեթն է, որը նա պետքարտուղարություն է ուղարկել 2004-ին: Հաղորդագրությունը կրում է «Հայոց ցեղասպանությունն ու օսմանյան արխիվները» վերնագիրը, որտեղ դրանց անթերիության մակարդակը ճշտելու համար դիմում են «Սաբանջի» համալսարանի պրոֆ. Հալիլ Բերքթայի կարծիքին:
«Հյուրիեթի» վկայությամբ, Բերքթայն ասում է, որ օսմանյան արխիվները «մաքրազարդվել» են երկու անգամ: Առաջինը 1918-ին, երբ անգլիական զորքերը օկուպացրին Ստամբուլը, երկրորդըՙ նախագահ Թուրգութ Օզալի պաշտոնավարման տարիներին: Բերքթայը նախ նշում է, որ Օզալի կարգադրությամբ օսմանյան արխիվները բացվել են պաշտոնաթող դեսպան Մուհարրեմ Նուրի Բիրգիի գլխավորությամբ մի խումբ դիվանագետների եւ գեներալների առջեւ, ապա հավաստիացնում. «արխիվներն ուսումնասիրելուց հետո Նուրի Բիրգին, նկատի ունենալով հայերին, մեր ընդհանուր բարեկամներից մեկին ասել է, որ հիրավի մորթել ենք նրանց»:
Անկախ Հալիլ Բերքթայի հավաստիացումներից, օսմանյան արխիվներում Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի ոչնչացումն ակնհայտ է: Այդ մասին հրապարակումներով հանդես են եկել նաեւ բազմաթիվ այլ գիտնականներ, ընդ որում հենց թուրքական մամուլում:
Ինչ վերաբերում է «Վիկիլիքսին», ապա այս կայքէջն էլ միջազգային հնչեղություն է հաղորդում Թուրքիայի արխիվներում պահպանվող օսմանյան փաստաթղթերը պարբերաբար ոչնչացնելու թուրքական դրսեւորումներին: Միջազգային հնչեղության հանգամանքը կարեւոր է, սակայն ավելի կարեւորըՙ ցեղասպանության մասին արխիվային փաստաթղթերի ոչնչացման վերաբերյալ այս բացահայտման համադրումն է Թուրքիային «պատժելու» Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի ծրագրի հրապարակման հետ, որի դրույթներից երկրորդը ենթադրում է աջակցել հայկական լոբբիին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եւ զորավիգ լինել Հայսատանին «Արարատ լեռան վրա հսկողության շուրջը Թորքիայի հետ վեճում»:
Լիբերմանի ծրագիրը սեպտեմբերի 9-ին հրապարակել է իսրայելական «Եդիոտ Ահրոնոդ» թերթը (այս մասին նախորդ համարում գրել է «Ազգ»-ը), իսկ «Վիկիլիքսին» Բերքթայի հավաստիացումըՙ սեպտեմբերի 12-ին «Հյուրիեթը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: