Wednesday, September 14, 2011

Կ. Աճեմյան. Ադրբեջանը ձգձգում է բանակցային պրոցեսը

Panorama.am. 14-9-2011- «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին ժամանակներս հետաքրքրիր զարգացումներ են նկատվում: Չնայած այն հանգամանքին, որ Կազանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ժամանակ, ադրբեջանական կողմը հետքայլ կատարեց` ականջալուր չլինելով միջազգային հանրության հորդորներին, սակայն քարոզչական դաշտում, պաշտոնական Բաքուն տարբեր մակարդակով ու տարբեր ամբիոններից կատարած հայտարարություններով ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Կազանում ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության չգալու հանգամանքում որևէ ձևով իր մեղավորությունը չի դրսևորում: Հակառակը, Ադրբեջանական կողմը վերջին երեք ամիսների ընթացքում, բազմիցս օգտագործելով պատեհ կամ անպատեհ առիթը` հայտարարում է, որ հենց հայկական կողմն է ձգձգում բանակցային պրոցեսը»,- անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացում նկատվող զարգացումներին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, հայկական կողմը, մինչ Կազանում կայանալիք հանդիպումը ամենաբարձր մակարդակով հայտարարել էր, որ իր համար բանակցային հիմքում դրված հիմնական սկզբունքներն ընդունելի են, ինչը և վերահաստատել է Կազանում` երեք նախագահների միջև կայացած հանդիպմանը, սակայն ադրբեջանական կողմից` վճռական քայլի անպատրաստ լինելու հանգամանքը թույլ չտվեց, որպեսզի Կազանում իր ավարտին հասցվի հիմնարար սկզբունքների շուրջ փաստաթղթի աշխատանքները:
«Ավելին, Կազանում, ադրբեջանական կողմը հանդես եկավ նոր առաջարկներով, ինչն անշուշտ նոր խնդիրներ ստեղծեց բանակցային պրոցեսում: Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ ի դեմ Ադրբեջանի, գործ ունեն մի պետության հետ, ով իր քայլերով միմիայն հարցականի տակ է դնում համաձայնության հասնելու հարցում իր հավատարմությունը:
Ընդ որում, անտեսելով Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը, որում մասնավորապես նշվում էր, թե «Ուժի կիրառումը հանգեցրել է այսօր առկա հակադրության ու անկայունության իրավիճակին, դրա կրկնակի կիրառումը կհանգեցնի միայն նոր տառապանքների ու ավերումների և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Կողմերի առաջնորդներին մենք թախանձագին կոչ ենք անում` բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի», ադրբեջանական կողմը շարունակում է հայտարարել, թե պատրաստ է ամեն գնով, այդ թվում` ուժի կիրառմամբ լուծել հիմնախնդիրը»,- ասաց Կ. Աճեմյանը:
Պատգամավորի համոզմամբ, Ադրբեջանում իրականացվող քարոզչությունը հանգեցնում է նրան, որ հասարակությանը խաղաղության միջոցով խնդրի լուծմանը պատրաստելու փոխարեն, այդ երկրի ղեկավարները օր ու գիշեր ժողովրդրի մեջ հայատյացություն են սերմանում, ինչն անշուշտ որևէ ձևով չի կարող նպաստել կարգավորման պրոցեսում առաջընթացի արձանագրմանը:
«Սակայն, անկախ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական վարքագծից, Հայաստանը շարունակում է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ:
Հույս ունենանք, որ առաջիկայում Ադրբեջանն իր մեջ ուժ կգտնի ու խնդրի լուծմանը կմոտենա լրջորեն՝ քաջ գիտակցելով, որ հարցի առնչությամբ կառուցողական և հետևողական մոտեցման դրսևորումը լավ ազդակ կհանդիսանա խնդրում իրական առաջընթաց ապահովելու հարցում»,- հավելեց Կ. Աճեմյանը:

No comments: