Sunday, September 4, 2011

Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի վարչապետը վիճել են Դուշանբեում

Tert.am. 3-9-2011- Դուշանբեում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն «վիճել են» ԼՂ–ի պատճառով։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։ «Մենք չէինք ցանկանա մթագնել այս հոբելյանական նիստը, բայց ՀՀ նախագահի ելույթը ԼՂ–ի վերաբերյալ ստիպում է դա անել»,– ասել է Ռասիզադեն։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի վարչապետը երկու անգամ է ելույթ ունեցել, քանի որ առաջինից հետո Սերժ Սարգսյանը հայտարարություն էր արել՝ ընդգծելով, որ 20 տարի առաջ այս օրերին ԼՂ–ն հռչակեց իր անկախությունը։ ՀՀ նախագահը նաև հավելել է, որ ԼՂ ժողովուրդն օգտագործել է ինքնորոշման իր իրավունքը և արյան գնով նվաճել իր անկախ գոյության իրավունքը։
Մեկնաբանելով Սարգսյանի ելույթը՝ Ադրբեջանի վարչապետն ասել է. «Ենթադրում եմ, որ ներկաներից շատերը այս կամ այն չափով ծանոթ են ԼՂ հիմնախնդրին և հուսով եմ, որ այս ելույթն ուղղված էր նրանց, ովքեր տեղյակ չեն այդ խնդրին, կամ՝ ներքին սպառման համար էր»։ Ադրբեջանի վարչապետն իր ելությում նաև ասել է, թե «ԱՊՀ մի անդամը մյուս անդամի դեմ ագրեսիա է իրականացրել՝ օկուպացնելով նրա տարածքի 20 տոկոսը, ինչի արդյունքում 1 մլն մարդ փախստական է դարձել, կամ տեղահանվել»:
«Կարծում եմ, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Հայաստանի ապակառուցողական դիրքրոշումն այս բարդագույն և ձգձգված հակամարտության հարցում», -ասել է նա:
Նշենք, որ Ալիևը Դուշանբե չի մեկնել և իր փոխարեն երկրի վարաչապետին է ուղարկել։ Փորձագետների կարծիքով՝ Ալիևի այդ քայլը պայմանավորված է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում վերջին զարգացումներով։
Գագաթնաժողովը հոբելյանական էր և նվիրված էր Անկախ պետություններ համագործակցության (ԱՊՀ) կազմավորման 20-ամյակին։ Գագաթնաժողովին ներկա են եղել ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի և Տաջիկստանի նախագահները:

No comments: