Sunday, September 4, 2011

Քոչարյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան. ինչ սցենարներ էր կանխատեսել Փենինգթոնը Հայաստանի համար

Tert.am. 3-9-2011- Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է 2008թ. Հայաստանի նախագահական ընտրություններին, դրան հաջորդած իրադարձություններին և դրանց հնարավոր հետևանքներին։ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված իր նամակում (նամակը թվագրված է 2008թ.մարտի 10–ին) հայտնում է, որ ընտրությունների առնչությամբ դիտորդների, այդ թվում` ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակի վերջին միջանկյալ զեկույցը հարցականի տակ է դնում կառավարության այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը ընտրությունների առաջին փուլում օրինական ճանապարհով հավաքել է ձայների մեծամասնությունը։ «Այդ ամենը, ինչպես նաև արտակարգ դրության հայտարարումն ու բռնի ուժի կիրառումը, Սարգսյանին թողնում է լեգիտիմության առումով խոր ճգնաժամի մեջ»,– գրում է դիվանագետը և հավելում, որ գնալով իրենց համար (ԱՄՆ–ի) ավելի դժվար է դառնում դա հերքելը։
«Ստեղծված իրավիճակը միայն Սարգսյանի մեղքով չէ։ Նախագահ Քոչարյանը և այլ ազդեցիկ հակաժողովրդավարական ուժեր կարող էին իրենց անձնական պատճառներն ունենալ իրադարձությունների նման ելքի համար։ Այդուհանդերձ, Սարգսյանը չկարողացավ վճռական դիրքորոշում ցուցաբերել այդ ամենի հանդեպ»,– հաղորդում է Փենինգթոնը։
Իր նամակում դիվանագետը, անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանին, նշում է, որ նա էլ «հրեշտակ չէ». «Նրա աշխատակազմը անկախությունից մինչև 1998թ. գնալով ավելի ավտորիտար և կոռումպացված էր դառնում, նա նաև կեղծեց 1996թ. ընտրությունները՝ իր իշխանությունը պահելու համար»։ Փենինգթոնն այնուհետև նշում է, որ Լևոն Տեր Պետրոսյանը «նախատեսել էր» իշխանության տապալմանը հասնել ոչ թե հենց բուն ընտրություններում հաղթելու միջոցով (ձայների քանակով), այլև հետընտրական ցույցերի ճանապարհով։
«Շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանն իր հոգու խորքում ավելի առաջադիմական է և ժողովրդավար, քան նրա երկար տարիների ընկեր և քաղաքական գործընկեր Ռոբերտ Քոչարյանը»,– գրում է դիվանագետը:
Դիվանագետն այնուհետև անդրադառնում է այն հնարավոր սցենարներին, որոնք կարող են տեղի ունենալ Հայաստանում. Ամենահավանական սցենարը, ըստ դիվանագետի, այն է, որ Սարգսյանը բռնի ուժով կփորձի պահել իր իշխանությունը և ոստիկանության միջոցով կփորձի ջախջախել ընդդիմությանը, ինչը Տեր–Պետրոսյանին ժողովրդավարության հերոս– նահատակ կդարձնի, իսկ Հայաստանն արդյունքում այնքան ավտորիտար կդառնա, ինչպիսին չի եղել խորհրդային ժամանակներից ի վեր։
2–րդ հավանական սցենարը, որը (ինչպես շեշտում է դիվանագետը) կանխատեսել էր նաև Ռոբերտ Քոչարյանը ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզայի հետ հանդիպման ժամանակ, այն է, որ ձերբակալությունների արդյունքում ժողովրդական լարվածության ալիքը կմարի ավելի արագ, քան ենթադրվում էր։ Դա, սակայն, ըստ դիվանագետի, լճացման, քաղաքական և տնտեսական կոռուպցիայի խորացման բաղադրատոմսն է։
3–րդ հավանական սցենարը, որը, ըստ դիվանագետի, նաև «ամենակառուցողական քայլը» կլինի, որին Սարգսյանը կարող է դիմել, ազգային հաշտեցմանն ուղղված քայլերն են՝ ցույց տալը, որ ինքը պատրաստ է պայքարել կառավարության կոռումպացված տարրերի դեմ, չեղյալ հայտարարել արտաքին դրությունը, ինչպես նաև նոր «թարմ և մաքուր դեմքերի» ներմուծումը։
Փենինգթոնը նշում է, որ 4–րդ սցենարը, ինչպես որոշ լուրջ, ոչ ընդդիմադիր վերլուծաբաններ են կարծում, Սարգսյանի պարտությունն է։ Դիվանագետը չի բացառում հեղափոխության հնարավորությունը և այն, որ Սարգսյանին նույն ճակատագիրն է սպասում, ինչը տեղի ունեցավ Տեր–Պետրոսյանի հետ 1998թ։

No comments: