Sunday, September 11, 2011

Երվանդ Բոզոյան. Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունները վատացնում է կանխամտածված

News.am. 11-9-2011- Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կիսում է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի այն տեսակետը, որ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունները վատացնում է կանխամտածված՝ արաբական աշխարհում սեփական կշիռը բարձրացնելու նպատակով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ քաղաքագետը։
Ըստ Բոզոյանի` «Ազատության նավատորմի» միջադեպը Թուրքիայի համար պատրվակ է, որի միջոցով նա փորձում է բարձրացնել արաբական աշխարհում ունեցած իր վարկանիշը։ Սակայն Իսրայելը շարունակելու է հակազդել Թուրքիային՝ հասկանալով, որ թուրքական ազդեցության ուժեղացումը եւ աշխարհաքաղաքական նոր գործոնի ի հայտ գալը լուրջ վտանգ է ներկայացնում։ «Կարծում եմ՝ Թուրքիային հակազդելու Իսրայելի մտադրությունը բավական լուրջ է, այդ է պատճառը, որ նա պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր գործոնները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- նկատեց Բոզոյանը՝ միաժամանակ հավելելով, որ պոստօսմանական տարածքի վրա իր ազդեցությունը վերականգնելու համար Թուրքիան նախ պետք է իմիջային փոփոխությունների դիմի։
Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների՝ Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի վրա թողած հնարավոր ազդեցությանը՝ քաղաքագետը նշեց, որ թուրք-իսրայելական հակամարտությունը մեր տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ «Թուրքիայի ձգտումը՝ ավելացնել իր ազդեցությունը Միջին Արեւելքում, մեզ հետ որեւէ կապ չունի, սակայն գլոբալ առումով այդ երկրի հայտը՝ դառնալ տարածաշրջանային գերտերություն, նշանակում է, որ նա ակտիվորեն ներգրավելու է նաեւ Հարավային Կովկասի խնդիրների մեջ»,- ամփոփեց Բոզոյանը։
Նշենք, որ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է միջազգային ասպարեզում Թուրքիային հակազդելու միջոցներ մշակել, դրանց թվում՝ հայերին եւ քրդերին սատարելու միջոցով: Այսպես կոչված «Լիբերմանի պլանի» մեջ, որն իր առջեւ նպատակ է դրել «պատժել Թուրքիային», մասնավորապես մտնում է «հայերի հետ համագործակցությունը»։

No comments: